Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի նկատմամբ՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքի առնչությամբ։ Վարույթը նախաձեռնվել է թեկնածուի գործողություններում բարեգործության սահմանված արգելքի հնարավոր խախտման հատկանիշներով։
Վերջին օրերին համացանցում տարածվել է տեսագրություն, որում Մասիսի համայնքապետի՝ ՔՊ-ից առաջադրված թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքրահասակ տղային բջջային հեռախոս է խոստացել, հայտնում է «Ազատությունը»:
Դրանից հետո ներկաները երեխային առաջարկել են երգի միջոցով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ տղան իր հերթին հորդորել է քվեարկել Հակոբյանի օգտին։
Հովհաննես Հակոբյանն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթին տված մեկնաբանության մեջ նշել էր, որ խոստացած հեռախոսը պատրաստվում է երեխային փոխանցել ընտրությունների ավարտից հետո։ Նա միաժամանակ պնդել է, որ նախընտրական քարոզարշավը դեռ մեկնարկած չէ, իսկ տվյալ երեխան ընտրական իրավունք չունի։





