AM
23 Հոկտեմբեր 2026 - 18:55 AMT

Հաստատվել են Դիլիջանի նոր թունելի կառուցման և ներդրումային այլ ծրագրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հանրային ներդրումային կոմիտեի իններորդ նիստում քննարկվել և հաստատվել են ջրային, ճանապարհային, փրկարարական ու թվային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը։

Օրակարգում ընդգրկվել են Հեր-Հերի ջրամբարի ջրային պաշարների օգտագործման, Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման և Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծերը։

Քննարկման են ներկայացվել նաև Երևանի փրկարարական ստորաբաժանումների կարողությունների ամրապնդման և Հայաստանի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման ծրագրերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման եղանակով օգտագործելու հնարավորություններին վերաբերող նախագիծը։ Նախաձեռնության հիմնական նպատակը Վայոց ձորի մարզի 12 բնակավայրերի ոռոգման ջրամատակարարումն ապահովելն է։

Ըստ ներկայացված տվյալների՝ Հեր-Հերի ջրամբարից նախատեսվող ջրատարի սպասարկման տարածքը կարող է ընդգրկել մոտ 2440 հեկտար հողատարածք։

Ծրագրից կարող են օգտվել Հեր-Հեր, Վայք, Մալիշկա, Զեդեա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Աղավնաձոր, Ռինդ, Արենի և Չիվա բնակավայրերը։

Նշվել է, որ Հեր-Հերի ջրամբարում տարեկան կուտակվում է մոտ 26 միլիոն խորանարդ մետր ջուր, որի արդյունավետ օգտագործման հնարավորությունները նախատեսվում է ընդլայնել նոր ջրատարի կառուցմամբ։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա մեծացնել ոռոգվող հողատարածքների մակերեսը, ապահովել գյուղատնտեսական նշանակության հողերի կայուն ջրամատակարարում և լրացուցիչ 10-13 միլիոն խորանարդ մետր ջրի հոսք ուղղել դեպի Սևանա լիճ։

Հանրային ներդրումային կոմիտեի անդամները քննարկել են նախաձեռնության հնարավոր տնտեսական, սոցիալական և ջրային անվտանգության ազդեցությունները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության անհրաժեշտությանը, որի միջոցով հնարավոր կլինի առավել ճշգրիտ գնահատել նաև էներգետիկ ներուժն ու ծրագրի իրականացման պայմանները։

Հաջորդ նախագծերը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Նա անդրադարձել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2» նախաձեռնության բաղադրիչներին, որոնք վերաբերում են Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի վերականգնմանը, Դիլիջանի նոր թունելի կառուցմանը և Պուշկինի թունելի արդիականացմանը։

Մասնավորապես, ներկայացվել է Մ-6 Վանաձոր՝ Մ-3 ճանապարհի հատման կետից մինչև Ալավերդի և Հայաստանի պետական սահման՝ Բագրատաշեն ձգվող միջպետական ավտոճանապարհի հետաղետային վերականգնման նախագիծը։

Ծրագրով նախատեսվում է վերանորոգել և բարելավել այն ճանապարհահատվածները, որոնք վնասվել են 2024 թվականի մայիսին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։

Նախագիծը ներառում է վնասված հատվածների վերականգնում, Դեբեդ գետի հնարավոր հետագա վարարումներից ճանապարհի խոցելի հատվածների պաշտպանություն, ափապաշտպան կառույցների և հենապատերի կառուցում։

Նախատեսված են նաև քարաթափումների վտանգը նվազեցնելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու միջոցառումներ։

Քննարկման ընթացքում կարևորվել է կլիմայական փոփոխությունների և բնական աղետների նկատմամբ առավել դիմակայուն տրանսպորտային ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը։

Ընդգծվել է, որ նման աշխատանքները կնպաստեն երթևեկության անվտանգության բարձրացմանը, տրանսպորտային հաղորդակցության անխափանությանը, համայնքների հասանելիության բարելավմանը և տնտեսական գործունեության արդյունավետության աճին։

Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է նաև Դիլիջանի նոր թունելի կառուցման նախագիծը։ Նախատեսվում է գործող թունելին զուգահեռ՝ դրանից մոտ 50 մետր դեպի ձախ, կառուցել 2365 մետր երկարությամբ նոր թունել։ Այն պետք է համապատասխանի երկրորդ տեխնիկական կարգի ավտոճանապարհների պահանջներին, ինչպես նաև անդրևրոպական ճանապարհային ցանցի թունելների անվտանգության նվազագույն չափանիշները սահմանող Եվրամիության 2004/54/EC հրահանգին։

Նոր թունելը նախատեսվում է համալրել ժամանակակից ինժեներական, անվտանգության և ավտոմատ կառավարման համակարգերով։

Միաժամանակ գործող Դիլիջանի թունելը նախատեսվում է վերափոխել տարհանման համար նախատեսված թունելի։

Նախագծի համաձայն՝ գործող և նոր թունելները միմյանց կմիանան յուրաքանչյուր 500 մետր հեռավորության վրա նախատեսվող անցումներով, ինչը արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա արագ կազմակերպել երթևեկության մասնակիցների տարհանումը։

Կոմիտեի անդամները կարևորել են ժամանակակից և անվտանգ թունելային ենթակառուցվածքի ստեղծումը՝ ընդգծելով դրա նշանակությունը բնակչության տեղաշարժի, տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի համար։

Նշվել է, որ նոր թունելային համալիրը կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարմանը, երթևեկության հուսալիության բարձրացմանը, զբոսաշրջության զարգացմանը, բեռնափոխադրումների կազմակերպմանը և տնտեսական ակտիվության ընդլայնմանը։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև Պուշկինի թունելի հիմնանորոգման և արդիականացման ծրագիրը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ նախատեսվում է վերականգնել թունելի կառուցվածքային տարրերը, բարելավել ինժեներական համակարգերը և ներդնել ճանապարհային ու հրդեհային անվտանգության ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում է բարձրացնել երթևեկության անվտանգությունն ու անխափանությունը, ամրապնդել տրանսպորտային կապերի հուսալիությունը և թունելը համապատասխանեցնել գործող անվտանգության պահանջներին։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են թունելի տեխնիկական համակարգերի արդիականացման, անվտանգ երթևեկության կազմակերպման և արտակարգ իրավիճակներին արձագանքելու պայմանների բարելավման կարևորությունը։

Հաջորդիվ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է Երևանի փրկարարական վարչության կարողությունների հզորացման ներդրումային նախագիծը։ Զեկուցվել է, որ մայրաքաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներում շահագործվող հրշեջ տեխնիկան 2010 թվականից ի վեր չի թարմացվել։

Ներկայում օգտագործվող մեքենաներն ու սարքավորումները ֆիզիկապես և տեխնոլոգիապես մաշված են, ինչի հետևանքով հաճախակի խափանումներ են առաջանում։

Միաժամանակ վերջին տարիներին Երևանում և հարակից տարածքներում կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ բնակելի և հասարակական նշանակության շենքեր։

Մայրաքաղաքում գործում են նաև վտանգավոր արդյունաբերական և կենսաապահովման կարևորագույն օբյեկտներ, որոնցում հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը պահանջում է համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Նշվել է, որ նման իրավիճակներում անհրաժեշտ են առնվազն 35 մետր և ավելի հասանելիություն ապահովող հրշեջ ավտոսանդուղքներ։

Կոմիտեի նիստում քննարկվել են ծրագրի իրականացման կազմակերպչական հարցերը և դրա կյանքի կոչման հնարավոր տարբերակները։

Օրակարգի մյուս հարցը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նա մանրամասնել է Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման ներդրումային ծրագիրը, որը դիտարկվում է որպես երկրի թվային փոխակերպման կարևոր բաղադրիչ։

Նախաձեռնությունը նախատեսում է ձևավորել միասնական գեոդեզիական հղումների համակարգ և իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում։

Ծրագրով նախատեսվում են նաև LiDAR տեխնոլոգիայով քարտեզագրում, քաղաքների բարձր լուծաչափով եռաչափ մոդելների ստեղծում, ճանապարհների շարժական քարտեզագրում և ջրային տարածքների բաթիմետրիկ ուսումնասիրություններ։

Բացի այդ, նախատեսվում է ստանդարտացնել կադաստրային տվյալները, ձևավորել թեմատիկ տեղեկատվական հավաքածուներ, զարգացնել թվային ծառայությունները և արդիականացնել Ազգային գեոպորտալը։ Վերջինս պետք է ապահովված լինի տեղեկատվական անվտանգության հուսալի ենթակառուցվածքով։

Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել միասնական և փոխկապակցված տարածական տեղեկատվության նշանակությանը։

Ընդգծվել է, որ նման տվյալները կարևոր են ռազմավարական պլանավորման, կանխատեսումների մշակման, կառավարչական որոշումների ընդունման և պետական համակարգի գործառնական արդյունավետության բարձրացման համար։

Ներկայացված բոլոր ներդրումային նախագծերը քննարկումների արդյունքում ստացել են Հանրային ներդրումային կոմիտեի հավանությունը։

Ամփոփելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետ կառավարման և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը։

Նրա գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն տնտեսական ակտիվության խթանման, պետական միջոցների նպատակային բաշխման, ենթակառուցվածքների զարգացման և երկարաժամկետ արդյունավետության ապահովման տեսանկյունից։