AM
24 Հոկտեմբեր 2026 - 10:33 AMT

Ավտոբուսում միջադեպի մասնակից տղամարդը չի կալանավորվի՝ վարչական հսկողության տակ կլինի

Երևանի ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու և հասարակական կարգը խախտելու մեջ մեղադրվող տղամարդը չի կալանավորվի։ Նրա նկատմամբ այլ խափանման միջոցներ են ընտրվել։ Այդ մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Նրանցից մեկի՝ միջադեպը տեսանկարահանած կնոջ (խմբ.) նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է խուլիգանությանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Երկրորդ անձի՝ ենթադրաբար սեփական կնոջը վիրավորած տղամարդու (խմբ.) նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նշված դրույթը վերաբերում է զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։

Դեպքի հանգամանքների ամբողջական պարզաբանմանն ուղղված նախաքննությունը շարունակվում է։

Հոկտեմբերի 19-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը դիմում ավտոբուսի հատակին նստած կնոջը, որը, ենթադրաբար, նրա կինն է (խմբ.), և պահանջում «որ իրեն նորմալ պահի»: Դեպքին միջամտում է մեկ այլ կին՝ իր դժգոհությունն արտահայտելով տղամարդու պահվածքի վերաբերյալ։ Նրանց միջև բանավոր վիճաբանություն է սկսվում, որի ընթացքում կողմերը փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցնում։ Տարածված տեսանյութը սոցիալական հարթակներում լայն արձագանք և բուռն քննարկումներ է առաջացրել։ Հոկտեմբերի 20-ին իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են տղամարդուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալել են նաև տեսանկարահանող կնոջը: