Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի թիվ 2 դպրոցում սովորողների նկատմամբ ֆիզիկական և հոգեկան բռնության ենթադրյալ դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հսկող դատախազը մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու որոշում է ընդունել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor․ am-ը:
Նշվում է, որ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր դպրոցում ստեղծված իրավիճակին։ Աշակերտների ծնողները պնդել էին, որ ուսուցիչ Անահիտ Մկրտչյանը երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել, այդ թվում՝ ծեծել, նվաստացրել և ասեղներով ծակել նրանց ձեռքերը։ Ուսուցիչը հերքել էր մեղադրանքները։
Կրթության տեսչական մարմնի իրականացրած ուսումնասիրության արդյունքում դպրոցում արձանագրվել են բարոյահոգեբանական անառողջ միջավայրի առկայություն և մանկավարժների ու աշակերտների փոխհարաբերությունների խաթարում։ Միաժամանակ բռնության ենթադրյալ դրվագներից մեկի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական և հոգեկան ներգործություն գործադրելու վերաբերյալ հոդվածներով։
Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ տվյալ քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։
ՔԿ-իս հայտնել են, որ «մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:





