AM
24 Հոկտեմբեր 2026 - 12:04 AMT

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված թույլատրելի նորմերը։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 14-20-ի դիտարկումների արդյունքները։

Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում է գրանցվել հոկտեմբերի 15-19-ը, իսկ Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին։

Միևնույն ժամանակ, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում դիտարկված ժամանակահատվածում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մոնիթորինգի արդյունքներով՝ ազոտի երկօքսիդի պարունակության թույլատրելի շեմի գերազանցում նույնպես արձանագրվել է։ Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 14-ին գրանցվել է սահմանված նորմայից բարձր ցուցանիշ։

Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ազոտի երկօքսիդի պարունակությունը մնացել է թույլատրելի սահմաններում։

Ինչ վերաբերում է ծծմբի երկօքսիդին, ապա դիտարկումների ամբողջ ժամանակահատվածում դրա պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ չեն արձանագրվել։