ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Տավուշի մարզի 4 դպրոց միաձուլման եղանակով վերակազմակերպել 2 կրթական հաստատության։
Խոսքը Կիրանցի, Աճարկուտի, Լուսաձորի և Ակնաղբյուրի դպրոցների վերակազմակերպման մասին է
Մախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծը:
«Ա. Հիմք ընդունելով «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» և «ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ների սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների շենքային պայմանները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծառացած խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտ է համարում վերակազմակերպել երկու դպրոցները՝ միաձուլման տարբերակով և հիմնել մեկ միջնակարգ դպրոց:
Բ. «ՀՀ Տավուշի մարզի Լուսաձորի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական պետական ոչ առևտրային կազմակերպությունը (դպրոցում սովորում է 63 աշակերտ) և «ՀՀ Տավուշի մարզի Սայադ Մխիթարյանի անվան Ակնաղբյուրի հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (դպրոցում սովորում է 35 աշակերտ) միաձուլման եղանակով վերակազմակերպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ Տավուշի մարզի «Լուսաձորի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Երկու դպրոցների միջև հեռավորությունը 5 կիլոմետր է, տրանսպորտով հասնելու տևողությունը՝ 9 րոպե»,-ասվում է նախագծում:
Նշվում է, որ հաստատությունների վերակազմակերպումների առանցքային նպատակը սովորողների համար ժամանակակից, մրցունակ և բարձրորակ կրթական միջավայրի ու հավասար հնարավորությունների ստեղծումն է՝ ռեսուրսների և մանկավարժական ներուժի կենտրոնացման միջոցով։





