Հայաստանից Օման արտահանվող ապրանքների ցանկն ընդլայնելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև։
Օմանում Հայաստանի դեսպանությունը պաշտոնապես բացվել է 2026 թվականի մարտին։ Մինչ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը Հայաստանի և Օմանի միջև ապրանքաշրջանառության ծավալները չափազանց փոքր են եղել։ Նորաստեղծ գործարար կապերի արդյունքում 2026 թվականի ընթացքում, մասնավորապես՝ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, Հայաստանից Օման են մատակարարվել ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին և ելակ։
Այսպիսով, հայկական գյուղատնտեսական արտադրանքն առաջին անգամ ներկայացվել է Օմանի շուկայում։ Թեև արտահանման սկզբնական ծավալները սահմանափակվել են փորձնական փոքր խմբաքանակներով, այդ մատակարարումները հիմք են ստեղծել հետագա համագործակցության զարգացման համար։
Հայաստանից արտահանված մրգերը վաճառքի են հանվել Օմանի խոշորագույն առևտրային ցանցերից մեկում՝ Lulu հիպերմարկետներում, ինչպես նաև KV Group ընկերությունների խմբին պատկանող «Սուհոլ Ալ-Ֆայհա» սուպերմարկետների ցանցում։
«Զուգահեռ նաև աշխատանքներ են տարվում ծավալների մեծացման, ապրանատեսակների ավելացման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման ուղղությամբ: Այս ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջին արդյունքները. հայաստանյան «Funfrut» և «RockBerry» ընկերությունները KV Group ընկերությունների խմբի հետ ստորագրել են հայաստանյան մրգերի և հատապտուղների էլ ավելի մեծ խմբաքանակների մատակարարման պայմանագրեր։ Նախատեսվում է նաև ավելացնել մրգերի տեսականին` ներմուծելով ՀՀ-ում արտադրված խաղող, խնձոր և այլն։
KV Group ընկերությունների խմբի ղեկավար պատվիրակությունը ՀՀ դեսպանության ջանքերով արդեն երկու անգամ այցելել է Հայաստան` 2026թ. հուլիսին և հոկտեմբերին։ Այցերի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ ՀՀ պետական գերատեսչությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդ այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայացած Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին։ Համաժողովին մասնակցել են նաև Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարարության պատվիրակությունը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների խումբ: Սա վկայում է Հայաստանի արտադրանքի նկատմամբ օմանական ընկերությունների աճող հետաքրքրության մասին»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է, որ Օմանի հետ արտահանման ակտիվացող դինամիկան զուգորդվում է նաև ԱՄԷ արտահանման ընդլայնման միտումներով:





