Հայաստանը սահմանազատման գործընթացի ավարտից հետո կարող է Ադրբեջանի և մյուս հարևան պետությունների հետ համատեղ անդրսահմանային բնապահպանական նախաձեռնություններ իրականացնել, հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում կազմակերպված քննարկման ընթացքում:
Հարցը վերաբերել է Ադրբեջանի կողմից Ջերմուկի շրջակայքում և Շիկահողի արգելոցի տարածքում իրականացված անտառահատումներին, հայտնում է Sputnik Արմենիան:
«Տարբեր ֆոնդերում նման հնարավորություններ ընձեռնվում են երկրներին, որպեսզի մեկ ամբողջական փաթեթով ներկայանան։ Վստահ եմ, որ սահմաանզատման աշխատանքներից հետո մենք նման հնարավորություն կունենանք և կփորձենք վերականգնել բնապահպանական կորուստները, որոնք մենք ունեցել ենք վերջին տասնյակ տարիների ընթացքում»,– հայտարարել է Մաթևոսյանը։
Նախարարն ընդգծել է, որ բնապահպանական ցանկացած աղետ արժանի է դատապարտման՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքում է տեղի ունեցել։ Նրա համոզմամբ՝ բնապահպանական խնդիրները չեն կարող սահմանափակվել առանձին պետություններով, քանի որ բնությունը պետական սահմաններ չի ճանաչում։
Նա նշեց, որ իր համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրները, բայց ավելի կարևոր են Հայաստանի առաջնահերթությունները:
«Եթե մենք խոսում ենք սահմանային հարցերի և հարևանների հետ մեր ունեցած հարաբերությունների մասին, ապա մեր քաղաքականությունը առաջնորդվում է խաղաղության օրակարգով»,– հայտարարել է Մաթևոսյանը։





