Հոկտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքում «Ականատեսը» 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում։
Դիտորդական նախաձեռնությունը հրապարակված տեղեկանքում ներկայացրել է ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ քվեարկության օրը բացահայտված խնդիրները։
Նշվում է, որ ընտրական գործընթացն ընդգրկել է Հայաստանի 10 մարզի 21 համայնք՝ ընդհանուր առմամբ 353 բնակավայրով և 477 հազար 721 ընտրողով։
Նախընտրական գործընթացների նկատմամբ դիտարկում է իրականացրել 18 երկարաժամկետ դիտորդ՝ ուսումնասիրելով իրավիճակը 19 համայնքում։ Քվեարկության օրը դիտորդական աշխատանքներին մասնակցել է 43 շրջիկ խմբերում ընդգրկված 85 դիտորդ, որոնք այցելել և ուսումնասիրել են 408 ընտրատեղամաս։
Դիտորդական առաքելությունն ամփոփել է ընտրական գործընթացի հիմնական արդյունքները՝ առանձնացնելով «քաղաքական մրցակցության, վարչական ռեսուրսների կիրառման, քարոզչական սահմանափակումների և ընտրողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը»։
Քաղաքական մրցակցության առումով 19 համայնքում գրանցվել է 45 ընտրական ցուցակ, որոնք ներկայացվել են 17 տարբեր կուսակցությունների և դաշինքների անուններով։ Միաժամանակ հինգ համայնքում ընտրություններին մասնակցել է բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Դիտորդների գնահատմամբ՝ այս հանգամանքը սահմանափակել է ընտրողների՝ տարբեր քաղաքական ուժերի միջև ընտրություն կատարելու հնարավորությունը, թեև նրանք պահպանել են ներկայացված միակ ցուցակին դեմ քվեարկելու իրավունքը։
Վարչական ռեսուրսների օգտագործման և նախընտրական քարոզչության մասով դիտորդները գրանցել են համայնքային պաշտոնյաների, կրթական հաստատությունների և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության դեպքեր քարոզարշավի միջոցառումներին։ Որոշ դեպքերում նման մասնակցությունը տեղի է ունեցել աշխատանքային ժամերին։ Բացի այդ, արձանագրվել են տարբեր քաղաքական ուժերի քարոզչական նախաձեռնություններին երեխաների կազմակերպված ներգրավման դեպքեր։
Ընտրությունների ընթացքում բարեգործության սահմանափակումների պահպանման առնչությամբ ևս մտահոգություններ են առաջացել։ Մասնավորապես, Ստեփանավանում դիտորդները գրանցել և տեղեկություններ են ստացել ընտրություններին մասնակցող գործող համայնքապետերի նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու վերաբերյալ։
Մեկ այլ ահազանգ առնչվել է Երևան–Գորիս ուղղությամբ անվճար ուղևորափոխադրումների կազմակերպմանը, որոնք, ըստ ստացված տեղեկությունների, ուղեկցվել են «Համերաշխություն» դաշինքի քարոզչական նյութերի տարածմամբ։
Մի շարք համայնքներից նաև հաղորդումներ են ստացվել ընտրություններին մասնակցող թեկնածուների և նրանց աջակիցների նկատմամբ հնարավոր ճնշումների ու սպառնալիքների մասին։ Այդուհանդերձ, դիտորդական առաքելությունը նշել է, որ ներկայացված ահազանգերի մեծ մասում բացակայել են բավարար փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտային անկախ աղբյուրների միջոցով ստուգել դրանց հավաստիությունը։
Քվեարկության օրվա դիտարկումների արդյունքում 408 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 217 խնդիր և հնարավոր ընտրական խախտում։
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված դժվարությունները։ Դիտարկված 101 ընտրատեղամասում հայտնաբերվել է մատչելիության 125 խնդիր։ Դրանցից 96-ը վերաբերել է տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիների համար անհրաժեշտ պայմանների բացակայությանը կամ անբավարարությանը, իսկ 29-ը՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված մատչելիության պայմաններին։
Բացի այդ, դիտորդներն արձանագրել են հետևյալ դեպքերը.
- Ընտրատեղամասերի տարածքում մարդկանց և ավտոմեքենաների կուտակումների, ինչպես նաև ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության հետ կապված 31 դեպք։
- Քվեարկության գաղտնիության ապահովման պահանջների պահպանման հետ կապված 10 խնդիր։
- Ընտանեկան քվեարկության դեպքեր՝ վեց ընտրատեղամասում։
- Քվեարկության օրը քարոզչության արգելքի պահանջների պահպանման հետ կապված յոթ դեպք։
Դիտորդական խմբերը նաև տեղեկություններ են ներկայացրել ընտրողների հնարավոր ուղղորդման, ինչպես նաև նրանց ընտրական իրավունքի իրացման ընթացքում առաջացած խոչընդոտների վերաբերյալ։
Առանձին խնդիր է դարձել դիտորդների իրավունքների սահմանափակումը, որն արձանագրվել է 51 ընտրատեղամասում։
Մասնավորապես, տեղամասային ընտրական հանձնաժողովները դիտորդներին չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարել ընտրողներին օգնություն ցուցաբերող անձանց տվյալները պարունակող գրանցամատյանի համապատասխան էջը։ Նման սահմանափակումները կիրառվել են՝ չնայած այն հանգամանքին, որ դիտորդների այդ իրավունքը հաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով։
Ընտրությունների արդյունքների հաշվարկման և ամփոփման փուլում նույնպես հայտնաբերվել են ընթացակարգային բնույթի թերություններ։ Դրանք առնչվել են ձայների հաշվարկի կարգին, ընտրական փաստաթղթերի փաթեթավորմանը, պարկերի պատշաճ կնքմանն ու ստորագրմանը, ինչպես նաև համապատասխան արձանագրությունների լրացման գործընթացին։
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հայտնել է, որ շարունակելու է ուսումնասիրել հայտնաբերված խնդիրներն ու հնարավոր ընտրախախտումները՝ միաժամանակ հետևելով դրանց վերաբերյալ իրավասու պետական մարմինների արձագանքներին և ձեռնարկվող քայլերին։





