Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանն, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՅԴ-ն ներկայացված կլինի Արտաշատի ավագանիում և իր աշխատանքը ծառայեցնելու է համայնքի զարգացմանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին աջակցած ընտրողներին:
«Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։
Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»,-ասվում է գրառման մեջ:
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:
«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։





