ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի հանրությանը, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Հանրության դատին՝ ըստ նախնական պլանավորման, մենք պատրաստվելու ենք այն ներկայացնել նոյեմբերի կեսերին»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Նախարարն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հասարակությանը ներկայացվելիք փաստաթուղթը վերջնական չէ:
«Եվ ես ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ սա նախագիծ է։ Այսինքն՝ մենք հանրության դատին չենք ներկայացնում ինչ-որ աշխատանքի վերջնարդյունք։ Մենք ներկայացնում ենք նախագիծ՝ բացելով հարթակ քննարկումների համար»,-ասել է նա:
Սրբուհի Գալյանը վստահեցրել է, որ պետությունը նպատակադրված է ակտիվ երկխոսության գնալ քաղաքացիների հետ:
«…Եվ պատրաստվում ենք բավականին շատ ու երկար քննարկել նախագիծը հանրության բոլոր շերտերի հետ»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, և կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան և իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է:
«Կփորձենք համոզել: Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել: Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է: Ինձ համար խնդիր է, որ ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ՝ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հարցում»,-ասել է նա:





