Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքը մշտական օրակարգի մասն է և այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ երկխոսության միջով:
Նա նաև նշեց, որ երրորդ երկրների միջոցով էլ չի ստացվում հասնել որևէ արդյունքի. «Դիմել ենք, չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ։ Չի ստացվում երրորդ երկրների հետ», հայտնում է Panorama.am-ը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնն արձագանքել է․ «Արդյո՞ք իրավունք չունենք եզրակացնել, որ Հայաստանը հայտնվել է դիվանագիտական մեկուսացման մեջ, եթե բոլորը ձեզ ասել են՝ «մեզանից հեռու խաղացեք», իսկ դուք քիչ առաջ հաստատում էիք՝ թե խաղաղությունն այլևս կայացած երևույթ է»։
Միրզոյանն ասել է, որ ոչ թե Հայաստանին են ասել, այլ երրորդ երկրներին են ասել «հեռու խաղացեք»։
«Մենք ունենք ճանապարհ, աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Ադրբեջանի հետ մեր երկխոսության միջով»,- ասել է նախարարը։
Նա հավելել է, որ չի սիրում այդ մասին անընդհատ խոսել, քանի որ զգայուն հարց է՝ կամ արդյունք կա, կամ չկա։
«Ինչքան ուզում ես խոսի այդ մասին, ո՞ւմ է պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում, իսկ արդյունքը շատ կոնկրետ է և չափելի՝ պահվող անձ ազատ է արձակվում, թե ոչ»,- ասել է Միրզոյանը:
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։





