AM
28 Հոկտեմբեր 2026 - 18:18 AMT

Փաշինյան․ ԶՈւ–ն քաղաքացիական վերահսկողության ներքո պետք է լինի

ՀՀ զինված ուժերը պետք է գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: Նա այդպես է արձագանքել ՔՊ–ական պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին, որն առաջարկել է վարչական կամ քրեական պատասխանատվություն սահմանել բանակի վրա «հարձակումների» համար։

ՔՊ–ական պատգամավորի մոտ այս մտահղացումն առաջացել էր ընդդիմադիր պատգամավորների քննադատական հայտարարություններից հետո, որոնք ուղղված էին բանակին և սահմանապահ ծառայությանը` ադրբեջանցի զինվորի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու և Շաքի գյուղ ներթափանցելու համատեքստում, հայտնում է Sputnik Արմենիան:

«Պետք է արձանագրել, որ կարևոր է, որպեսզի ԶՈւ–ն լինի քաղաքացիական վերահսկողության ներքո։ Մեր երկրում դա եղել է, որ բանակի մասին եկեք չխոսենք, բանակի մասին չի կարելի խոսել, բայց վերջում տեսել ենք` ինչի է դա հանգեցրել։ Ձևավորել ենք մի ծխածածկույթ, բայց դրա տակ բոլորովին այլ բան է եղել»,– ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ առհասարակ պետք է խուսափել այնպիսի վերաբերմունքից, ըստ որի՝ բանակի մասին ընդհանրապես ոչինչ չի կարելի ասել։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: