AM
28 Հոկտեմբեր 2026 - 17:39 AMT

Սահմանադրության նախագծով ՀԱԵ դրույթը փոփոխության չի ենթարկվի

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ դրույթը փոփոխության չի ենթարկվի: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Factor TV-ին տված հարցազրույցում:

Նա պարզաբանել է, որ եթե Սահմանադրության մեջ եկեղեցու մասին հատուկ հիշատակում չլիներ, ապա հետագայում օրենքով նրան այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արտոնություններ տալը կհանգեցներ հակասահմանադրական իրավիճակի և խտրականության, հայտնում է Factor.am-ը:

«Մենք ունենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության և պետությունից անջատված լինելու և կրոնական կազմակերպությունների հավասարության վերաբերյալ դրույթ: Եկեղեցին՝ բոլորս գիտենք, որ կրոնական կազմակերպություն է: Եկեղեցու մասին չհիշատակելը Սահմանադրության մեջ, և հետո եկեղեցուն այլ կրոնական կազմակերպությունների համեմատ արտոնություններ տալը կբերեր հակասահմանադրական խնդրի՝ խտրականության դրույթի խախտման։ Եկեղեցու հիշատակումը պայմանավորված է նրանով, որ պատմականորեն, այո, իր դերակատարումը մեր կյանքում, և բացառիկ առաքելությունը՝ որպես այդպիսին․․․ օգտագործվում է այդ եզրույթը, ընդունում է պետությունը»,-ասել է նա։

Ի պատասխան ճշտող հարցին, թե արդյո՞ք նախագծով առաջարկվում է նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը, Գալյանը հաստատել է. «Նախագծով առաջարկում ենք նույնությամբ պահպանել եկեղեցու վերաբերյալ հոդվածը… առաջարկում ենք այդ հոդվածում որևէ փոփոխություն չանել»։

Միևնույն ժամանակ, խոսելով հոգևորականների քաղաքական ակտիվության մասին՝ նախարարը հիշեցրել է, որ կրոնական կազմակերպությունների համար կան հստակ սահմանափակումներ:

«Օրինակ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու արգելք կա կրոնական կազմակերպությունների համար… որ եկեղեցականները պետք է զբաղվեն իրենց գործով, և ոչ, օրինակ, քաղաքականությամբ»,-ասել է նա:

2020-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, հայկական ազգային արժեքների շարքում առանձնացրել էր Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիները։ 2025-ին Ալեն Սիմոնյանը, որն այդ ժամանակ ԱԺ նախագահն էր, չէր բացառել, որ նոր Սահմանադրության մշակման ընթացքում կարող է վերանայվել ՀԱԵ բացառիկ առաքելության վերաբերյալ սահմանադրական դրույթը։

2026 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մշակվող Սահմանադրության նախագծում ՀԱԵ-ն ուղղակիորեն հիշատակվում է։ Միաժամանակ Հայ առաքելական եկեղեցու շուրջ Հայաստանում ընթացող զարգացումներին վերջերս անդրադարձել է նաև Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը։ Նա ասել էր, որ խոսել է ՀՀ քաղաքական ներկայացուցիչների հետ և փորձել նրանց խնդրել կարգավորել հարաբերությունները ՀԱԵ հետ: