AM
29 Հոկտեմբեր 2026 - 12:59 AMT

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Քրիստոֆ Լերիբոյի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է երկու երկրների մշակութային գործընկերության ընդլայնմանն ու թանգարանների միջև համատեղ նախաձեռնությունների զարգացման հեռանկարներին, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Անդրադարձ է կատարվել Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցությանը՝ 2024 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Որպես համագործակցության կարևոր հանգրվան՝ ընդգծվել է 2025–2026 թվականներին Երևանում ներկայացված «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տվել համադրելու երկու թանգարանների հավաքածուները և միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգության հարստությունը։

Դեսպան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ մասնավորապես համատեղ ցուցահանդեսների, գիտական հետազոտությունների, մասնագիտական փոխանակումների և Ֆրանսիայում հայկական արվեստի ու մշակութային ժառանգության առավել լայն ներկայացման միջոցով։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Լուվրի Բյուզանդական արվեստի և Արևելյան քրիստոնեական մշակույթների բաժնի շրջանակում համագործակցության հնարավորություններին։

Ընդգծվել է մշակութային համագործակցության կարևոր դերը ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման գործում: