AM
31 Հոկտեմբեր 2026 - 15:38 AMT

Կիսելյովը խոսել է ՌԴ հետ կապերը խզելու դեպքում Հայաստանին սպառնացող վտանգների մասին

Ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել աշխարհաքաղաքական խոցելի իրավիճակում։

Նրա գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական շահերի բախման թիրախի այն ուժերի համար, որոնք դարեր շարունակ ձգտել են տարածաշրջանում ընդլայնել իրենց ազդեցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ առանց ռուսական հավասարակշռող գործոնի Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարեր շարունակ սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- գրել է Կիսելյովը։

Լրագրողի համոզմամբ՝ Հայաստանը, շարունակելով ցուցադրաբար մերձենալ Եվրոպական միությանը, ընտրել է վտանգավոր ճանապարհ։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկին դաշնակիցներից հեռանալու և նոր գործընկերների հետ լիարժեք դաշնակցային հարաբերություններ հաստատելու միջև կարող է բավական երկար ժամանակ անցնել։

«Նախկին դաշնակիցներից հրաժարվելու և նորերին հարյուր տոկոսով ձեռք բերելու միջև բավական երկար ժամանակ կանցնի։ Եվ սա ոչ թե ենթադրություն է, այլ փաստ՝ հիմնված այլ պետությունների փորձի վրա. Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանն արդեն գրեթե 5 տարի սպասում են ԵՄ-ին անդամակցելու իրենց հերթին, Սերբիան, Ալբանիան և Չեռնոգորիան՝ 17 տարի, Հյուսիսային Մակեդոնիան՝ 22 տարի, իսկ Թուրքիան ընդհանրապես սպասման ռեկորդակիր է՝ 40 տարի եվրոպական «ծաղկուն այգու» ընկերական գոտում»,- նշել է Կիսելյովը։

Ըստ լրագրողի, »ՀՀ-ն գնում է դեպի պետականության կորուստ»:

«Թվում է, թե ամեն ինչ այնքան հեշտ է, երբ կա պետություն, կա ռուսական ռազմաբազա, կա ռազմական հավասարակշռություն շուրջբոլորը, ներսում ամեն ինչ լավ է։ Իսկ երբ առանցքային բաղադրիչը՝ Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանում, հանվի, ինչպես աթոռը՝ ոտքերի տակից, Հայաստանը կհայտնվի օդում կախված վիճակում։ Կգտնվեն շատ ցանկացողներ, որոնք կփորձեն կլանել Հայաստանը, ինչպես ցույց է տալիս պատմությունը»,- հավելել է Կիսելյովը։

Հայաստանի Ազգային ժողովը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության մաքսային համակարգերին միաժամանակ մասնակցելը հնարավոր չէ՝ մատնանշելով երկու միավորումների միջև առկա կարգավորումների անհամատեղելիությունը։