Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունը: Խոսքը Սամվել Մկրտչյանի թեկնածության մասին է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում։
«Տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը», — հայտարարել են գերատեսչությունից, հայտնում է ՌԲԿ-ն:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացրել էր, որ ռուսական կողմը չի համաձայնեցրել Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Սամվել Մկրտչյանի թեկնածությունը։ Պարբերականը ենթադրել է, որ նման որոշման հնարավոր պատճառը Մկրտչյանի՝ եվրոպական երկրներում երկար տարիներ իրականացրած դիվանագիտական գործունեությունն է։
«Հրապարակը» նաև հայտնել էր, որ ամռանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հրաժեշտ է տվել ռուսաստանյան որոշ շրջանակների ներկայացուցիչների և օգոստոսին վերադարձել Հայաստան, սակայն որոշ ժամանակ անց նա կրկին մեկնել է Մոսկվա և շարունակել դիվանագիտական առաքելությունը։
Սամվել Մկրտչյանը Լեհաստանում ՀՀ դեսպան է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ նա ղեկավարել է Լիբանանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։ Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Մկրտչյանը նաև ՀՀ-ն ՆԱՏՕ-ում և զբաղեցրել ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ղեկավարի պաշտոնը։ Վարշավայում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո Մկրտչյանը ստանձնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական ուղղությամբ զբաղվող վարչության ղեկավարությունը։
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը գլխավորել է 2024 թվականի օգոստոսից՝ այդ պաշտոնում փոխարինելով Վաղարշակ Հարությունյանին։ Մինչ դեսպան նշանակվելը նա եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում։





