AM
3 Մարտ 2011 - 14:46 AMT

Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը

Հնդկաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Շիվ Շանկար Մենոնի հրավերով Նյու Դելիում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-ին հանդիպել է Հնդկաստանի ռազմական գերատեսչության ղեկավար, պետնախարար Պալլամ Ռաջուի հետ և քննարկել պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք քայլեր ձեռնարկել` խորացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը, օգտագործելու ռազմական կրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Արթուր Բաղդասարյանը Պալլամ Ռաջուին հրավիրել է Հայաստան, հրավերը սիրով ընդունվել է:

Նույն օրը ՀՀ ԱԱԽ քարտուղարը ներկա է գտնվել նաև Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են Հնդկաստանի անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ և պատասխանատուներ: Ինստիտուտի գլխավոր տնօրեն Նարենդրա Սիսոդիան ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և հեռանկարային ծրագրերը: Արթուր Բաղդասարյանը հնդկական կողմի խնդրանքով տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների, իրականացվող ծրագրերի, գործող հետազոտական հաստատությունների ինչպես նաև` Ազգային անվտանգության խորհրդի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը պատասխանել է հնդիկ փորձագետների հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամուլի գրասենյակը: