Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի դափնեկիր և հաղթող, ճանաչված դաշնակահար Դմիտրի Մասլեևը պատրաստվում է Հայաստան այցելել իր առաջին մենահամերգային շրջագայության նպատակով։ Ծրագիրը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի սիրված և ճանաչված գլուխգործոցներին:
Մասլեևի շրջագայությունն իրականացվում է «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի պետական ֆլհարմոնիայի համագործակցությամբ:
Դմիտրի Մասլեևը նախկինում ևս բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում։ Նա ելույթներ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի դիրիժորն այդ համերգների ընթացքում եղել է Էդուարդ Թոփչյանը։
Դաշնակահարը նաև ղեկավարում է «Պրիմավերա ֆաունդեյշն» հիմնադրամի դաշնամուրային բաժինը և շարունակաբար աջակցում է երիտասարդ հայ երաժիշտների մասնագիտական զարգացմանը։ Այդ նպատակով նա պարբերաբար կազմակերպել է անվճար վարպետության դասեր՝ հնարավորություն ընձեռելով սկսնակ դաշնակահարներին կատարելագործել իրենց հմտությունները։
Մասլեևը կարևորել է Հայաստանի հետ իր ստեղծագործական կապը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր այցելություն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։
«Հայաստան կատարած յուրաքանչյուր այց ինձ համար առանձնահատուկ իրադարձություն է և ներշնչանքի աղբյուր։ Հենց այդ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է նաև մեկնել մարզեր, կիսվել փորձով և դասական երաժշտությունը հասանելի դարձնել բոլորի համար։ Իմ առաջին մենահամերգային շրջագայությունը՝ նվիրված Ռախմանինովին, ինչպես նաև վարպետության դասերն ու տեղի տաղանդների հետ համատեղ ելույթները, իմ երախտագիտության նշանն են Հայաստանին և նրա հրաշալի հանդիսատեսին»,- նշել է դաշնակահարը։
Նախատեսվող համերգային շրջագայության ընթացքում հատուկ հնարավորություն կստեղծվի նաև երիտասարդ հայ կատարողների համար։ Նրանք կկարողանան Դմիտրի Մասլեևի հետ նույն բեմում ներկայացնել հայկական երաժշտական ստեղծագործություն։
Համատեղ ելույթի մասնակիցներին կընտրի անձամբ դաշնակահարը՝ նախապես ներկայացված հայտերի հիման վրա։
Ծրագրին մասնակցելու համար սահմանվել են որոշակի պայմաններ։ Դիմորդը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և սովորի կամ ավարտած լինի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կամ դրա Գյումրու մասնաճյուղը։
Մասնակցության հնարավորություն կունենան նաև այն երիտասարդ երաժիշտները, որոնք ընդգրկված են «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամի իրականացրած ծրագրերում։
Մասլեևի գալիք հայաստանյան համերգային ծրագիրն ընդգրկելու է ինչպես մայրաքաղաք Երևանը, այնպես էլ Հայաստանի մարզերը: Ընդ որում, Վարդենիսում և Կապանում կայանալիք համերգների մուտքն ազատ է լինելու, ինչն ընդգծում է նախագծի կարևոր սոցիալական և կրթական առաքելությունը: Դաշնակահարը նոյեմբերի 17-ին հանդես կգա Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցում (մուտքն ազատ է), նոյեմբերի 19-ին՝ Դիլիջանի UWC Dilijan քոլեջում, Նոյեմբերի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Երևան) և Նոյեմբերի 23-ին՝ Կապանի արվեստի պետական քոլեջի Երգեհոնային դահլիճում (մուտքն ազատ է):
Նոյեմբերի 22-ին, ժամը 10:00-ից 13:00-ն Առնո Բաբաջանյանի համերգասրահի Մեծ դահլիճում Դմիտրի Մասլեևը կանցկացնի դաշնամուրի վարպետության դասեր:





