AM
3 Նոյեմբեր 2026 - 18:22 AMT

Էդգար Ղազարյան․ Թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են

Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի միջև բանավեճ է ծավալվել ՀՀ նախագահի արտասահմանյան գործուղումների նպատակահարմարության շուրջ։ Ղազարյանը քննադատել է նաև նախագահի մասնակցությունը արտասահմանում անցկացվող տարբեր պաշտոնական միջոցառումներին, այդ թվում՝ երդման արարողություններին և հուղարկավորություններին, հայտնում է Factor.am-ը:

«Այդ թաղումներին ինքը որ չգնա, այդ մարդկանց միևնույն է թաղելու են, իրեն չեն սպասում։ Այդ երդման արարողություններին էլ, որ ինքը չգնա, այդ արարողությունները կայանալու են

Մեր Սահմանադրությամբ գրված է, որ պետության արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը։ Նախագահն արտաքին քաղաքականություն իրացնելու լիազորություն չունի»,- ասել է Ղազարյանը։

Ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը պարզաբանել է, որ նախագահի նմանատիպ արտասահմանյան այցելությունները կապված են ոչ թե արտաքին քաղաքականություն ինքնուրույն իրականացնելու, այլ միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու գործառույթի հետ։

Պողոսյանի խոսքով՝ բարեկամ կամ հարևան պետությունների ղեկավարների և կարևոր առաջնորդների հուղարկավորություններին մասնակցությունը նույնպես պետական ներկայացուցչության դրսևորում է։

«Եթե որևէ հարևան կամ բարեկամ երկրում պետության ղեկավար կամ իրենց համար առաջնորդ է մահանում, այդ մարդու հուղարկավորությանը մեկնելը պետությունը ներկայացնել է նշանակում»,- ասել է Պողոսյանը։