Ազգային ժողովում պատգամավոր Աննա Գրիգորյանը Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվել է, թե ինչ իրավական գնահատական են ստանում հրապարակային սպառնալիք պարունակող արտահայտությունները և արդյոք տարբեր անձանց նկատմամբ Քննչական կոմիտեն առաջնորդվում է միևնույն չափանիշներով։
«Եթե Հայաստանի Հանրապետության մի քաղաքացի մյուս քաղաքացուն ասում է՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ»… Հանցակազմ պարունակո՞ւմ է իր մեջ նման հայտարարությունը, թե՞ ոչ»,- հարցրել է պատգամավորը, հայտնում է Factor.am-ը:
Գրիգորյանը նաևկոնկրետ օրինակներ է բերել՝ պնդելով, որ նույնատիպ արտահայտությունները տարբեր քաղաքական գործիչների դեպքում տարբեր իրավական գնահատականի են արժանանում։
«Ն․Փ․ քաղաքացին երբ որ այդ նախադասությունն ասում է, ինչպե՞ս է ստացվում, որ դուք հանցակազմ չեք տեսնում, իսկ երբ Ա․Մ․ քաղաքացին է ասում կամ գրում իր ֆեյսբուքյան էջում, դուք այդտեղ հանցակազմ տեսնում եք»,- ասել է Գրիգորյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Արթուր Պողոսյանը բացատրել է, որ հնարավոր հանցակազմի գնահատման համար բավարար չէ միայն արտահայտության բառացի բովանդակությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել նաև այն հանգամանքները, որոնց պայմաններում հնչել է տվյալ հայտարարությունը։
«Երբ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը․ սրանք այնպիսի վճռորոշ հատկանիշներ են… իմ կարծիքով՝ այդտեղ ոչ մի բան չկա»,- ասաց ՔԿ նախագահը։
Պողոսյանն ընդգծել է, որ նույնաբովանդակ արտահայտությունները, կախված կոնկրետ իրավիճակից և ուղեկցող հանգամանքներից, կարող են հանգեցնել տարբեր իրավական հետևանքների։
«Ունեցել ենք դեպքեր… երբ որ մենք գտել ենք, որ, օրինակ, այդտեղ հանցակազմ չկա, ունեցել ենք դեպքեր, որ այս իմ ասած հատկանիշների արդյունքում գտել ենք հանցակազմ․ իրավաբանությունը դա է, հետաքրքիր, շատ հետաքրքիր գիտություն է»,- ասել է Պողոսյանը։





