Եվրախորհրդարանը շարունակելու է սերտ փոխգործակցությունը Հայաստանի հետ, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նա ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան՝ կարևորելով կողմերի միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը։ Նա ընդգծել է, որ այդ շփումները նպաստում են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացմանը և համագործակցության ընդլայնմանը։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության լայն օրակարգին՝ նշելով, որ վերջին շրջանում կազմակերպված բարձր մակարդակի հանդիպումներն ու միջոցառումները վկայում են հարաբերությունների ամրության մասին։
Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի դերը Հայաստանի և Եվրամիության գործընկերության զարգացման ու փոխադարձ մերձեցման գործընթացում։
Նրա գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն աջակցում է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանը, և Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում այդ շարունակական աջակցությունը։
Փաշինյանն առանձնակի նշանակություն է տվել նաև Հայաստանին երկու տարի ժամկետով առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի արտահայտած դիրքորոշմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Եվրամիություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։
Քննարկվել են նաև տարածաշրջանային գործընթացները և տրանսպորտային կապակցվածության ապահովմանն ուղղված նախաձեռնություններն ու քայլերը։
Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է խորհրդանշական նվերների փոխանակման արարողությունը։
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտա Մեցոլային է հանձնել Եվրոպական խորհրդարանին նվիրաբերված «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը։
Ի պատասխան՝ Եվրոպական խորհրդարանի նախագահը Հայաստանի վարչապետին է փոխանցել Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը։





