Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
Ողջունելով բուլղարացի դիվանագետին՝ Արամ Վարդևանյանն անդրադարձել է հայ-բուլղարական հարաբերությունների պատմական հիմքերին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու ժողովուրդների միջև տարիների ընթացքում ձևավորված ջերմ բարեկամական կապերը։
ԱԺ փոխնախագահը նաև երախտագիտություն է հայտնել Բուլղարիային՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։
Վարդևանյանն առանձնակի կարևորություն է տվել Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարանների միջև համագործակցության շարունակական զարգացմանը՝ այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր ուղղություն։
Իր հերթին Նիկոլա Նիկոլովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել, որ հայ-բուլղարական գործընկերության հիմքում ընկած են պատմական ու մշակութային ամուր առնչությունները։
Դեսպանն ընդգծել է Բուլղարիայում բնակվող հայ համայնքի նշանակալի ներդրումը երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների պահպանման և խորացման գործում։
Նիկոլովն անդրադարձել է նաև 2026 թվականի մայիսի 3-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրին։
Նրա գնահատմամբ՝ այդ փաստաթուղթը նոր կարևոր հանգրվան է դարձել Հայաստանի և Բուլղարիայի դիվանագիտական հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Հռչակագրով սահմանվել է փոխշահավետ համագործակցության խորացման ընդհանուր տեսլական՝ հիմնված երկու երկրների ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա։
Բուլղարիայի դեսպանը ևս ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը՝ միաժամանակ Հայաստանին բնութագրելով որպես իր երկրի վստահելի տնտեսական գործընկեր։
Նա հավաստիացրել է, որ բուլղարական կողմը պատրաստ է շարունակելու երկարաժամկետ և երկու պետությունների համար շահավետ համագործակցությունը։
Տնտեսական կապերի զարգացման համատեքստում քննարկվել է նաև Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաուղու գործարկման նշանակությունը։ Կողմերն ընդգծել են, որ ուղիղ օդային հաղորդակցությունը կարող է լրացուցիչ խթան դառնալ առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների ակտիվացման համար։
Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ Արամ Վարդևանյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ու Բուլղարիան ունեն դեռևս ամբողջությամբ չօգտագործված զգալի ներուժ։ Նրա գնահատմամբ՝ այդ հնարավորությունների լիարժեք իրացումը կարող է նպաստել երկկողմ կապերի առավել խորացմանը։
ԱԺ նախագահի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի ներկայացուցիչներին՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին աջակցելու համար։ Փաստաթղթում ընդգծվել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ քրիստոնյաների ազատ արձակման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում Վարդևանյանը բուլղարացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները և անդրադարձել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղության օրակարգին։ Քննարկման առարկա են դարձել նաև իրավունքի գերակայության ապահովման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին առկա մարտահրավերները։
Բացի այդ, ԱԺ փոխնախագահը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության մշակած և արդեն շրջանառության մեջ դրված առողջապահական օրենսդրական նախաձեռնությունը։
Նշվել է, որ առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն նպաստելու Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը և բնակչության համար մատչելի դեղամիջոցների հասանելիության ապահովմանը։ Նախաձեռնության հիմքում դրվել են Եվրոպական միությունում կիրառվող մոտեցումները։
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությանը։ Բուլղարիայի դեսպանին ներկայացվել են դրա հիմնական նպատակներն ու առաջարկվող իրավական կարգավորումները։





