AM
4 Նոյեմբեր 2026 - 10:07 AMT

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով կա 9 զոհ և 3 վիրավոր

Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Օհանավան բնակավայրի մոտակայքում, Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ, 3 վիրավոր, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։

Պարզվել է, որ Օհանավան բնակավայրի մոտակայքում բախվել է 4 ավտոմեքենա: Ըստ Shamshyan.com-ի, բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

«3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսն այս պահին վիրահատվում է, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և տուժածների ինքնությունը։