AM
4 Նոյեմբեր 2026 - 11:00 AMT

Նոյեմբերի 3-ից ԵՄ մաքսային համակարգում արտացոլվում են հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․

Եվրամիության մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից ամբողջությամբ հասանելի են հայկական ապրանքների համար նախատեսված արտոնությունները, իսկ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը կվերադարձվեն, հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

«ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել:

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ից (Երևանի ժամանակով՝ 22:00-ին), ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում, արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ: