ՌԴ-ն առաջարկել է ՀՀ նկատմամբ կիրառել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը, որը նախատեսում է անդամավճարների պարտքի դեպքում երկրի ձայնի և որոշ պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքների ժամանակավոր կասեցում։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է անդրադառնալ Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման հնարավորությանը, եթե համապատասխան հարցն ընդգրկվի առաջիկա նիստի օրակարգում, գրում է ՌԲԿ-ն:
Այդ մասին Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի չորրորդ միջազգային համաժողովի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա պարզաբանմամբ՝ քննարկման առարկան Հայաստանի անդամավճարների վճարման հարցն է, ինչպես նաև կազմակերպությանը պաշտոնապես անդամակցելու, սակայն դրա գործունեությանը փաստացի չմասնակցելու հանգամանքը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ քննարկումը վերաբերում է «անդամավճարներին և, այսպես ասած, ներկայությանը, բայց աշխատանքներին չմասնակցելուն»։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ իր ֆինանսական պարտավորությունները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է ժամանակավորապես սահմանափակել նրա որոշ անդամակցային իրավունքներ։
Մասնավորապես, հնարավոր է կասեցնել տվյալ պետության քաղաքացիներին կազմակերպությունում քվոտայով նախատեսված պաշտոններում առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել այդ երկրին քվեարկության իրավունքից։ Սահմանափակումները կարող են գործել մինչև կուտակված պարտքի մարումը։
«Այս տարի, եթե օրակարգը հաստատվի 10-ին, ապա Հավաքական անվտանգության խորհրդում այդ հարցը կքննարկվի։ Մասնակցության կասեցման որոշումը Հայաստանի որոշումն է։ Իսկ մեր երկրների ղեկավարներից կազմված Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը հայտնի կդառնա ՀԱԽ նիստից հետո»,– հայտարարել է Մասադիկովը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վերադառնալու հնարավորություն չի տեսնում։
Հայաստանը 2024 թվականից փաստացի դադարեցրել է ակտիվ մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը։ Այդ ժամանակվանից Երևանը հրաժարվել է անդամավճարների փոխանցումից և կազմակերպության հիմնական միջոցառումներին մասնակցելուց։ Միևնույն ժամանակ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել ՀԱՊԿ կազմից դուրս գալու մասին՝ պահպանելով կազմակերպության անդամ պետության իրավական կարգավիճակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հետագայում անդրադարձել է Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու հետևանքներին՝ նշելով, որ նման իրավիճակը կարող է հանգեցնել «տարբեր սցենարների»։ Սակայն ռուսական կողմը քիչ հավանական է համարել Հայաստանի հեռացումը կազմակերպությունից։





