Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բրյուսելում Եվրամիության ընդլայնման գագաթնաժողովին պատասխանել է հարցին, թե ում և ինչ ուղերձ է հղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի գործոնը Հայաստանի համար կարևորելով, հայտնում է ՍիվիլՆեթը:
«Հատկապես եվրոպական ինտեգրման հարցում տրամաբանական է, որ Հայաստանի ուղին կախված է Վրաստանի առաջընթացից»․ նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Կոբախիձեն նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ ընդգծելով երկու երկրների համագործակցության և ազգային շահերի պաշտպանության հարցում միասնական դիրքորոշումների կարևորությունը։
«Մենք բարձր ենք գնահատում պարոն Փաշինյանի աջակցությունը, նա հրաշալի առաջնորդ է և Վրաստանի հրաշալի ընկերը։ Մեզ համար կարևոր է ազգային շահերը պաշտպանելու հարցում միասին լինելը»,- շարունակել է նա։
Նոյեմբերի 3-ին Euronews-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է Վրաստանի եվրոպական ինտեգրման նշանակությանը։ Պատասխանելով այն հարցին, թե Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ինչ հիմնական հանձնառություն կցանկանար առանձնացնել՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Աջակցել Վրաստանին, Հայաստանի համար Վրաստանի հաջողելը չափազանց կարևոր է, նույնիսկ մարդկանց ընկալման տեսանկյունից»։





