AM
4 Նոյեմբեր 2026 - 15:38 AMT

ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս․ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է 

Քննչական կոմիտեն հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մոտ 64․6 միլիարդ դրամի վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր գործողությունների մասին։ Քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, իսկ 65 հասցեում խուզարկություններ են իրականացվում։

Ըստ նախաքննության՝ Ս.Կ.-ի (գործարար Սամվել Կարապետյանի՝ խմբ․) կազմակերպմամբ մի խումբ անձինք 2016-2024 թվականներին ենթադրաբար իրականացրել են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահման չորս դրվագ, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման գործողություններ։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում լայնածավալ քննչական գործողություններ են իրականացվում։

Գործը վերաբերում է մասնավոր հատվածում ծառայողական լիազորությունների ենթադրյալ չարաշահմանը, որի հետևանքով փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Քննության առարկա են նաև առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և փողերի լվացման ենթադրյալ դեպքերը։

Քննչական խմբի անդամները Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ են իրականացնում 65 հասցեներում։ Դրանք ներառում են ինչպես բնակարաններ, այնպես էլ տարբեր ընկերությունների գործունեության վայրեր։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի ընթացքում կատարված բազմաթիվ քննչական գործողությունների, ինչպես նաև ԱԱԾ-ից, ՆԳՆ-ից և ՊԵԿ-ից ստացված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցավոր գործողությունների մասին փաստական տվյալներ։

Քննության վարկածով՝ Ս.Կ.-ի ղեկավարությամբ և կազմակերպմամբ գործած խմբում ընդգրկված են եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի որոշ անդամներ, գլխավոր տնօրենը, նրա տեղակալը և ընկերության այլ պատասխանատու պաշտոնատար անձինք։

Քննչական մարմնի տվյալներով՝ նշված անձինք, նպատակ ունենալով հափշտակել ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը, ենթադրաբար չարաշահել են ՀԷՑ-ի կանոնադրությամբ իրենց վերապահված՝ ընկերության ընթացիկ գործունեությունը ղեկավարելու լիազորությունները։

Այդ գործողությունները, ըստ քննության, արտահայտվել են ընկերության բնականոն գործունեության իրական կարիքներով չհիմնավորված ծավալներով վարկային միջոցների ներգրավմամբ։

Հետագայում այդ ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես պնդում է քննչական մարմինը, ընկերության բաժնետերերին անհիմն շահաբաժիններ են տրամադրվել, իսկ ՀԷՑ-ի, դրա պատասխանատու անձանց հետ փոխկապակցված և այլ կազմակերպություններին փոխանցվել են փոխառություններ ու կանխավճարներ։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ այդ գործարքների միջոցով իրականացվել են առանձնապես խոշոր չափերի գույքի ենթադրյալ հափշտակություններ։

Բացի այդ, քննության վարկածով, 2024-2025 թվականներին ընկերությունից ապօրինի կերպով դուրս է բերվել ընդհանուր 23 միլիարդ 158 միլիոն 169 հազար 29 դրամ։

Նշված գումարը, ըստ Քննչական կոմիտեի, շահաբաժինների տեսքով փոխանցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններին։

Քննչական մարմինը ներկայացրել է նաև ենթադրյալ չարաշահումների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված գույքային վնասի առանձին չափերը։

Մասնավորապես, արձանագրվել են 36 միլիարդ 981 միլիոն 660 հազար դրամի, 23 միլիարդ 158 միլիոն 169 հազար 29 դրամի և 4 միլիարդ 445 միլիոն 950 հազար 995 դրամի վնասի դրվագներ։

Ըստ նախաքննության՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 միլիարդ 585 միլիոն 780 հազար 24 դրամ։

Քրեական վարույթի նյութերով ուսումնասիրվել են նաև ենթադրաբար հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հետագա շարժն ու դրանց օրինականացման հնարավոր մեխանիզմները։

Քննության տվյալներով՝ Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարությամբ գործող, փոխկապակցված ավելի քան տասը ընկերությունների գործադիր մարմինների ղեկավարներ ներգրավված են եղել այդ գումարների ենթադրյալ օրինականացման գործընթացում։

Նախաքննության վարկածով՝ նշված անձինք առանձնապես խոշոր չափերի ֆինանսական միջոցները շրջանառել են քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների միջոցով՝ ստեղծելով օրինական տնտեսական գործարքների տպավորություն։

Քննչական կոմիտեն պնդում է, որ այդ եղանակով քողարկվել է ենթադրաբար հափշտակված գումարների հանցավոր ծագումը։

Մասնավորապես, ֆինանսական միջոցները փոխակերպվել և միախառնվել են այլ եկամուտների հետ, ինչի հետևանքով թաքցվել են դրանց իրական աղբյուրներն ու ձեռքբերման հանգամանքները։

Ըստ քննության՝ այդ գործողությունների նպատակն է եղել հանցավոր ճանապարհով ստացված գույքին և դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելը։ Քննչական մարմինը դրանք որակել է որպես փողերի լվացման ենթադրյալ գործողություններ, որոնց արդյունքում ներգրավված անձինք ստացել են հանցավոր օգուտ։

Նկարագրված արարքների առնչությամբ քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին, որի հիման վրա որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահումը կազմակերպելու համար։ Այս հոդվածով քննվում է չորս դրվագ։

Բացի այդ, գործով կիրառվել է Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակությունը կազմակերպելուն։ Այս մասով քննությունն ընդգրկում է երկու դրվագ։

Մեղադրանքները ներառում են նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ հանցագործությունը։

Քննիչը որոշում է կայացրել նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ, իսկ համապատասխան որոշումների կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին։

Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Շուրջ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներն առանձնատան հետնամուտքից տարել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Բակում հավաքված կողմնակիցները նրան ճանապարհեցին «Սամվե՜լ, Սամվե՜լ» վանկարկումներով, հայտնում է Sputnik Արմենիան:

Սամվել Կարապետյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»: