AM
5 Նոյեմբեր 2026 - 15:31 AMT

Փաշինյանը մտադիր է մասնակցել Թուրքիայում կայանալիք կլիմայական COP31 համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսում է այցելել Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին՝ COP31-ին։ Այդ մասին Փաշինյանը խոսել է կառավարությաննիստի ավարտից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։

«Անթալիա մեկնելու պլաններ ունեմ` COP–ին մասնակցելու»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Անթալիայում նախատեսվող COP31-ը հաջորդում է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովն անցկացվելու է նոյեմբերի 9-20-ը ANFAŞ Antalya Expo Center խոշոր ցուցահանդեսային համալիրում։ Միջոցառումը համարվում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի միջազգային օրակարգի կարևորագույն հարթակներից մեկը։ Այս տարվա համաժողովն առանձնանալու է կազմակերպչական և բանակցային գործընթացների կառավարման մի շարք առանձնահատկություններով։

ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովների պատմության ընթացքում առաջին անգամ նախագահության պարտականությունները բաշխվել են երկու պետությունների միջև։

Համաժողովն ընդունող երկիրը Թուրքիան է, որին վստահվել է նաև կազմակերպչական նախագահությունը։ Թուրքական կողմն այդ գործընթացում ներկայացնելու է շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը։ Միաժամանակ բուն կլիմայական բանակցությունների ղեկավարումը վերապահվել է Ավստրալիային, որի ներկայացուցիչը կլիմայի փոփոխության հարցերով նախարար Քրիս Բոուենն է։

COP31-ի հիմնական կարգախոս է ընտրվել «իրականացումը» (delivery) գաղափարը, որով շեշտադրվում է միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը։