ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը անդրադարձել է նոյեմբերի 4-ին և 6-ին Երևանի «Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելություններին՝ ներկայացնելով իր դիտարկումներն ու արձանագրած խնդիրները։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա առանձնապես մտահոգիչ է համարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ հաստատության նյութատեխնիկական վիճակն ու պահման պայմանները ծայրահեղ անբավարար են։
«Նուբարաշեն ՔԿՀ՝ այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան վատ են, եթե ոչ՝ սարսափելի, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։
Պատահական չէ, որ Նուբարաշենին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել անմարդկային կամ նվաստացուցիչ:
Ի դեպ, պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն կալանավորված և ազատությունից զրկված անձանց համար, նաև աշխատակազմի, այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ստորաբաժանման ողջ անձնակազմի համար։
Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։
Խնդրի լուծումն ուղղակի հրատապ է, պետական առաջնահերթություն»,-ասվում է գրառման մեջ:
«Աբովյան» կանանց և անչափահասների ՔԿՀ-ի մասին նշվում է, որ այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։
«Արմավիր» ՔԿՀ՝ այս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։
Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել վերջ։ Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։
Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։
«Սևան» ՔԿՀ՝ առանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները»,-ասվում է գրառման մեջ:
Պատգամավորն անդրադարձել է նաև ընդհանուր համակարգային խնդիրներին:
«Կալանքի ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։
Որոշ ՔԿՀ–ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։
Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։
Արձանագրվող այս պատկերը ոչ թե արդարադատության, հավասարակշռված դատաիրավական համակարգի, այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։
2025թ կալանավայրերում արձանագրված աննախադեպ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք իմ համոզմամբ նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։
Վաղաժամկետ ազատության ինստիտուտ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։
Համաներում․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։
Բժշկական ծառայության մատչելիություն․ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։
Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։
Զբոսանք և հանձնուքներ․ Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20 կգ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։
Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք»,-ասվում է գրառման մեջ:





