AM
10 Նոյեմբեր 2026 - 10:30 AMT

Փարաքարի եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են 31-ամյա տղամարդու, հայտնում է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղի ունեցող միջադեպի մասին։ Ըստ ահազանգի՝ մի տղամարդ ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում և վնասում է եկեղեցու գույքը։ Ստացված հաղորդմանն անմիջապես արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի աշխատակիցները։

Տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք և կոտրել այնտեղ գտնվող գույքը։ Իրավապահները նրան տեղափոխել են ոստիկանության բաժին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։