AM
10 Նոյեմբեր 2026 - 11:08 AMT

Հացադուլ հայտարարած Աշոտ Բադալյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Սեպտեմբերի 14–ից «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխել է տնային կալանքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։

«Լավ լուր–Նուբարաշեն ՔԿՀ–ում մոտ 40 օր հացադուլ անող Աշոտ Բադալյանի նկատմամբ դատարանն այսօր ընտրել է խափանման միջոց տնային կալանքը։

Դիմել եմ ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարներին համապատասխան ընթացակարգերով քննության առարկա դարձնել Արմավիր ՔԿՀ–ում գտնվող դատապարտյալ Արթուր Վարդանյանի առողջության վատթարացման խնդիրն ու անհրաժեշտ լուծում տալ»,-ասվում է գրառման մեջ:

Լիլիթ Գալստյանը նաև հայտնել է, որ ՔԿՀ վերջին այցելության ժամանակ Բադալյանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով, որ դրա շարունակությունն արդեն անհամատեղելի կլինի կյանքի հետ։

Աշոտ Բադալյանը մեղադրվում է քրոջ որդու սպանության համար։ Բադալյանն իր բողոքն ուղղել է դատական համակարգի դեմ՝ չընդունելով իրեն առաջադրված դիտավորյալ սպանության մեղադրանքը։ Նրա պնդմամբ՝ տեղի ունեցածը պայմանավորված է եղել սեփական ընտանիքը պաշտպանելու անհրաժեշտությամբ։