Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին՝ մտահոգություն հայտնելով տեղեկատվության հնարավոր օգտագործման վերաբերյալ։
«Վստահ եմ, որ կսահմանափակվի այնպիսի փաստաթղթերի հասանելիությունը, որոնք ընդհանրապես փակ բնույթ են կրում»,- ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռիժենկովը կասկած է հայտնել, թե որքանով է նպատակահարմար կազմակերպության զգայուն տեղեկատվությունը լիարժեք հասանելի դարձնել Հայաստանին, որի ներկայիս քաղաքական դիրքորոշումը, ըստ նրա, չի համապատասխանում դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը։
Նախարարը հարցականի տակ է դրել «նման կեղծ դաշնակցին այսօր այդպիսի հարցերի վերաբերյալ բավականին գաղտնի բնույթ կրող փաստաթղթերին լիարժեք հասանելիություն տրամադրելու» անհրաժեշտությունը։
Նրա պարզաբանմամբ՝ տեսականորեն չի կարելի բացառել, որ փակ տեղեկությունները կարող են օգտագործվել այն պետությունների շահերին հակառակ, որոնք իրականում ձգտում են զարգացնել տվյալ ինտեգրացիոն կառույցը։
Ռիժենկովի խոսքով՝ կազմակերպության անդամ երկրները նպատակ ունեն համագործակցությունը շարունակել «դրական, համերաշխ և համախմբող ոգով», մինչդեռ գաղտնի տեղեկատվության հնարավոր ոչ նպատակային օգտագործումը կարող է հակասել այդ ձգտումներին։
Բելառուսի արտգործնախարարը հատուկ ընդգծել է, որ ինտեգրացիոն կառույցների նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի փոփոխությունը պայմանավորված է ոչ թե հայ ժողովրդի, այլ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշումներով։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները վերանայել են իրենց մոտեցումները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։
Ռիժենկովը Երևանի ներկայիս գործելակերպը բնութագրել է որպես «պասիվ մասնակցություն»՝ պնդելով, որ Հայաստանը փորձում է այդ կազմակերպություններից օգտվել միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է սեփական շահերին։
«Սա այդ միավորումներին մասնակցությունից բխող որոշակի գիտելիքների և առավելությունների օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ, քանի որ մենք ցանկանում ենք ուժեղ լինել, ցանկանում ենք համերաշխ լինել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգության հարցերում»,- հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարը։
Ռիժենկովը նաև անդրադարձել է տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանի ստացած հնարավորություններին՝ մասնավորապես առանձնացնելով էներգակիրների գները և ապրանքների փոխադրման պայմանները։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը շահագրգռված է պահպանել այն առավելությունները, որոնք իրեն ձեռնտու են, սակայն միաժամանակ չի ցուցաբերում համարժեք հետաքրքրվածություն ինտեգրացիոն կառույցների գործունեության մյուս ուղղությունների նկատմամբ։
«Ստացվում է հետևյալ իրավիճակը. «Ես ձեզնից կընտրեմ այն, ինչն ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառող, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ընդգծել է Ռիժենկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշումը։





