ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը շատ բան կկորցնի:
Նա անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ Հայաստանի դիրքորոշմանը՝ հայտարարելով, որ Երևանի ներկայացրած դժգոհությունները հիմնավորված չեն, հայտնում է Interfax-ը:
«Ինձ թվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի նկատմամբ նման անհիմն վիրավորանքը, իմ կարծիքով, Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։ ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է, կրկին ընդգծեմ, խստորեն համաձայն իր կանոնադրական փաստաթղթերի»,- հայտարարել է Մատվիենկոն։
Ռուս պաշտոնյան միաժամանակ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու կամ կազմակերպությունից դուրս գալու որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց եթե Երևանը որոշի դադարեցնել անդամակցությունը, ապա «Հայաստանը շատ բան կկորցնի»։





