Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար։ Առաջարկը նոյեմբերի 12-ին ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Դա թույլ կտա լրացնելով հատկապես 16 տարին լրացած, բայց դեռ չափահաս չդարձած երեխաների պաշտպանության իրավական բացը, հայտնում է Արմենպրեսը:
Մկրտչյանն ընդգծել է, որ երեխայի 16 տարին լրանալը չի նշանակում, թե պետությունը կարող է դադարեցնել նրան առողջության, բարոյականության և բնականոն զարգացման համար վտանգավոր գործունեությունից պաշտպանելը։
«16 տարին լրացած երեխայի սեռական ազատության առկայությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է ներգրավվել իր համար վտանգ ներկայացնող այնպիսի գործունեության մեջ, ինչպիսին է պոռնկությունը, քանի որ պոռնկությունը վնասում է երեխայի բարոյականությանը, առողջությանն ու լիարժեք զարգացմանը։ Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար»,– ասել է Մկրտչյանը։
Ներքին գործերի նախարարի տեղակալի գնահատմամբ՝ նախատեսվող քրեական պատասխանատվությունը չի կարող մեկնաբանվել որպես անձի մասնավոր կյանքին անհիմն միջամտություն։
Նա պարզաբանել է, որ երեխայի կողմից մատուցվող նման ծառայությունից օգտվելը բացասական հետևանքներ է ունենում ոչ միայն անչափահասի համար, այլև վնաս է պատճառում հասարակական բարոյականությանը և սոցիալական հարաբերություններին։
Ներկայացված օրենսդրական փոփոխություններով առաջարկվել է նաև ավելի խիստ պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ համապատասխան արարքը կատարվել է 12-16 տարեկան երեխայի նկատմամբ։ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչությունն առաջարկություն է ներկայացրել այդ ծանրացնող հանգամանքը ներառելու Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածում։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ կառավարությունն ընդունելի է համարել ներկայացված առաջարկությունը։
Նա բացատրել է, որ Քրեական օրենսգրքի նշված հոդվածով արդեն իսկ քրեական պատասխանատվություն է սահմանված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար։
Հետևաբար, ըստ Մկրտչյանի, 12-16 տարեկան երեխաների նկատմամբ նման արարքների համար պատասխանատվությունը նպատակահարմար է նախատեսել հենց այն հոդվածով, որի հիմնական նպատակը երեխայի սեռական անձեռնմխելիության պաշտպանությունն է։
«Տվյալ արարքում հիմնական օբյեկտը հանդիսանում է երեխայի սեռական անձեռնմխելիության պաշտպանությունը, ոչ թե հասարակական կարգի և բարոյականության հարաբերությունների պաշտպանությունը, ինչը այս պարագայում լրացուցիչ օբյեկտ է հանդիսանում»,– նշել է փոխնախարարը։





