AM
12 Նոյեմբեր 2026 - 18:33 AMT

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ․ «Երբեք կրшկած չկամ»

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ «երբեք կրшկած չկա» և չի ճանաչել սպանվածին անձամբ։

Հարությունյանն ասել է, որ գործով մյուս մեղադրյալ Նարեկ Օհանյանի հետ սովորական շփումներ է ունեցել, սակայն նրանց միջև առանձնապես մտերիմ հարաբերություններ չեն եղել։ Նա նշել է նաև, որ ճանաչել է Մհեր Ախտոյանին, բայց նրա հետ նույնպես սերտ շփում չի ունեցել, գրում է Panorama.am-ը:

«Ես Վալոդյա Գրիգորյանին անձամբ չեմ ճանաչել, ճանաչել եմ որպես համագյուղացի, ընտրություններից հետո՝ որպես համայնքապետ։ Ընդհանրապես, ոչ առնչություն ենք ունեցել, ոչ շփվել ենք։ Ընդհանրապես չեմ հանդիպել Վալոդյա Գրիգորյանին»,- ասել է Հարությունյանը։

Հարությունյանը դատարանում նաև հայտարարել է, որ զենք գործածելու փորձ չունի և երբևէ կրակոց չի արձակել։

«Ոչ ծառայել եմ, ոչ էլ ինձ զենք է հանդիպել, որ թեկուզ վերցնեմ, նայեմ, փորձեմ։ Երբեք կրակած չկամ»,-ասել է նա:

Մեղադրյալն անդրադարձել է նաև հանցագործության հետքերի հնարավոր ոչնչացման հարցին։ Նա պնդել է, որ եթե ինքն իրականացրած լիներ սպանությունը, ապա դեպքից հետո ազատության մեջ գտնվելու ընթացքում կարող էր վերացնել համապատասխան հետքերը։

«Ես դեպքից հետո մի քանի օր եղել եմ ազատության մեջ, հնարավորություն ուներ գնայի ու ոչնչացնեի հետքերը, բայց չեմ արել, քանի որ չեմ իմացել այդ հետքերի մասին»,-ասել է նա:

Միաժամանակ, Գևորգ Հարությունյանի՝ ընթացիկ նիստում հնչեցրած հայտարարությունները տարբերվել են ավելի վաղ դատական քննության ընթացքում նրա ներկայացրած ցուցմունքից։ Նախորդ դատական նիստերից մեկում Հարությունյանը խոստովանել էր, որ հենց ինքն է իրականացրել սպանությունը՝ ներկայացնելով դեպքի ընթացքի մանրամասները։

Այդ ժամանակ նա նկարագրել է, թե ինչպես է թաքնվել տան հարևանությամբ գտնվող թփերի հետևում, ապա մոտեցել Վալոդյա Գրիգորյանին և նրա հետ գտնվող անձանց ու կրակ բացել նրանց ուղղությամբ։

«Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»,-ասել էր նա այն ժամանակ:

Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, երկու անձի սպանության և ևս մեկ անձի սպանության փորձի համար։

Մեղադրանքի նկարագրության մեջ նշվել է նաև Նարեկ Օհանյանի ենթադրյալ օժանդակությունը՝ հանցագործության գործիքներն ու հետքերը նախապես խոստացված եղանակով թաքցնելու միջոցով։

Գևորգ Հարությունյանը նախկին խոստովանությունը բացատրել է ընտանիքին ուղղված սպառնալիքներով, իսկ դատավորը փորձել է պարզել, թե ինչու է նա այդ մասին հայտնել միայն հիմա։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանն ուշադրություն է հրավիրել մեղադրյալ Գևորգ Հարությունյանի նախկին և ներկայիս ցուցմունքների միջև առկա էական տարբերություններին։

Դատավորը նշել է, որ 2025 թվականի սեպտեմբերի վերջին արված հայտարարությունները և 2026 թվականի նոյեմբերի 12-ի նիստում ներկայացված ցուցմունքները բովանդակությամբ կտրուկ տարբերվում են միմյանցից։

«2025 թվականի սեպտեմբերի 27-28 և 2026 թվականի նոյեմբերի 12… Մինչև այսօր ձեր կողմից արված հայտարարությունները, ցուցմունքները և այսօր արված ցուցմունքները ռադիկալ այլ են»,- արձանագրել է դատավորը։

Հարությունյանն ասել է, որ իրեն պարտադրել են ընդունել հանցանքը՝ սպառնալով ընտանիքի անվտանգությանը։

«Եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել»,-հավելել է նա:

Դատավոր Մուշեղ Արամյանը շեշտել է, որ մեղադրյալը նախկինում խոստովանել է առանձնապես ծանր հանցագործության կատարումը։ Դատավորը փորձել է հստակեցնել՝ արդյոք Հարությունյանը պնդում է, որ իրեն ստիպել են ընդունել սպանության պատասխանատվությունը՝ անկախ իրական կատարողը լինելու հանգամանքից։

«Ձեր ասածն այն է ՝ կապ չունի դու ես արել, դու չես արել, վերցրու քո վրա, թե չէ քո տուն կգնանք, կվնասենք»,-հարցրել է դատավորը:

Այդ դիտարկմանը մեղադրյալը պատասխանել է. «Այո»։

Դատավորը շարունակել է հարցադրումները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հարությունյանը ոչ միայն ընդունել է մեղադրանքը, այլև նախկինում ներկայացրել է դեպքի մանրամասները և ցույց տվել գործողությունների ընթացքը։

Արամյանը նաև հարցրել է, թե ինչու մեղադրյալը 2025 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 12-ը չի բարձրաձայնել իր անմեղության մասին՝ չնայած այդ ամբողջ ժամանակահատվածում գտնվել է քրեակատարողական հիմնարկում։

«Վարույթ իրականացնող մարմինը չէ միայն մեղադրում, ինքներդ եք ընդունում, ներկայացնում եք դետալներ, տանում, ցույց եք տալիս ընթացքը … Սեպտեմբերի 28-ից մինչև 2026 թ. նոյեմբերի 12-ը՝ շուրջ մեկ տարի երկու ամիս լուռ եք մնում, ՔԿՀ-ում եք անցկացնում, չեք բարձրաձայնում, չեք ասում՝ մեղավոր չեմ, սպասում եք հանգիստ, որ այստեղ բարձրաձայնեք։ Տրամաբանությունը ո՞րն է։ Բարձրաձայնեիք, երբ ուզեիք, ցուցմունք կարող էիք տալ»,-ասել է դատավորը:

Ի պատասխան՝ Գևորգ Հարությունյանը հայտնել է, որ նախկինում նույնպես հնարավորություն է ունեցել այլ ցուցմունք տալու, սակայն չի ցանկացել վտանգի ենթարկել ընտանիքին։

Նա իր երկարատև լռությունը բացատրել է այն մտավախությամբ, որ դեպքից անմիջապես հետո սպառնալիքները կարող էին իրական վտանգ ներկայացնել հարազատների համար։

«Կարող էի տալ, բայց սկզբում ռիսկի չէի դիմի ընտանիքիս հետ կապված։ Այն ժամանակ դեպքը նոր էր եղել, հիմա մեկ տարի անցել է, այսինքն այդ տաքացած վիճակը կարող է անցած լինել»,-ասել է մեղադրյալը:

Սպանությունը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ուշ երեկոյան, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում։ Ժամը 23։52-ի սահմաններում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը սպանվել է իր նորակառույց տան մոտ։ Նույն միջադեպի հետևանքով զոհվել է նաև քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է եղել և դեպքի պահին նրա հետ գտնվել է ոչ ծառայողական հանգամանքներով։

Կրակոցներից վիրավորում է ստացել նաև Արծրուն Գալստյանը, որին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են բժշկական կենտրոն։