Ազգային ժողովում 2 ամսով հետաձգվել է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրենսդրական նախաձեռնության քննարկումը: Խոսքը Հայաստանի վարչապետի, նախագահի, կառավարության անդամների, պատգամավորների, փոխնախարարների և պետական համակարգի այլ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագծի մասին է:
Հետևաբար, նախատեսված փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից պաշտոնյաների վարձատրության բարձրացում առայժմ չի իրականացվի, հայտնում է Factor.am-ը:
Համապատասխան որոշումն ընդունվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ նախատեսված է եղել քննարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։
Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ օրենսդրական նախաձեռնությունը լրացուցիչ ուսումնասիրության և քննարկումների կարիք ունի։
Նրա փոխանցմամբ՝ կառավարությունից նաև հայտնել են, որ նախագծի հեղինակը չի մասնակցելու հանձնաժողովի նիստին։
«Նախագիծը լավարկելու նպատակով հավելյալ քննարկումների անհրաժեշտություն է առաջացել և մեզ տեղեկացրել են կառավարությունից, որ հեղինակը չի մասնակցելու նիստին։ Նախագիծը երկու ամիս ժամկետով հետաձգվում է»,-հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, որի ղեկավարած հանձնաժողովում էլ պետք է քննարկվեր նախագիծը։
Նշվւմ է, որ թեև նախագծի քննարկումը հետաձգելու պաշտոնական հիմնավորումը դրա լրամշակման և լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությունն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առանձին ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում ակնարկել են, որ հետաձգման հիմքում կարող է լինել քաղաքական որոշում։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է զգալիորեն ավելացնել պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Մասնավորապես, նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատավարձն ավելացնել 68․4 տոկոսով կամ 1 միլիոն 80 հազար դրամով՝ ներկայիս մոտ 1,5 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 2 միլիոն 662 հազար դրամ։
Հանրապետության նախագահի վարձատրությունը գործող 1 միլիոն 664 հազար դրամից առաջարկվում է բարձրացնել մինչև 2 միլիոն 662 հազար դրամ, փոխվարչապետների աշխատավարձերի համար նախատեսվել է աճ՝ 1 միլիոն 289 հազար դրամից մինչև 2 միլիոն 163 հազար դրամ։ Առավել մեծ՝ 116 տոկոսանոց բարձրացում է առաջարկվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների համար։
Ըստ նախագծի՝ նրանց ներկայիս 998 հազար դրամ աշխատավարձը պետք է ավելացվի մինչև 2 միլիոն 163 հազար դրամ։





