Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը։ Սահմանափակումը կգործի մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը՝ ձկնատեսակի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով։
Սահմանված սահմանափակման հիմնական նպատակն է նպաստել սիգի բնական բազմացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, կանխել լճի ձկնային պաշարների հետագա կրճատումը և աջակցել Սևանի էկոհամակարգի վերականգնման գործընթացին, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
Գերատեսչությունը նախատեսել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել՝ ապահովելու որսի արգելքի պահանջների լիարժեք պահպանումը։ Ապօրինի ձկնորսության, որսի սահմանված կանոնների խախտման, ինչպես նաև օրենսդրական պահանջների անտեսման բոլոր դեպքերը ենթարկվելու են համապատասխան իրավական գնահատման։ Խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ կիրառվելու են գործող օրենսդրությամբ սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվության միջոցները։
Միաժամանակ ընդգծվել է, որ նոյեմբերի 20-ից սկսած՝ Սևանա լճում որսի համար նախատեսված նավակների և ձկնորսական միջոցների առկայությունն անթույլատրելի է լինելու։ Դրանց սեփականատերերին ու օգտագործողներին հորդոր է ուղղվել մինչև նշված ժամկետի ավարտը լճից դուրս բերել բոլոր համապատասխան նավակներն ու որսամիջոցները։ Այս պահանջի կատարումը հնարավորություն կտա խուսափել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից։





