AM
18 Նոյեմբեր 2026 - 16:11 AMT

Նարեկ Կարապետյան․ Ընդդիմությանը քվեարկություն պարտադրելը սահմանադրական կարգի տապալում է

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշման միջոցով փորձի ընդդիմադիր պատգամավորներին պարտադրել կողմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, դա սահմանադրական կարգի տապալում կլինի և կունենա քրեական հետևանքներ, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Դուք նշեցիք՝ քվեարկություն պարտադրել։ Դա սահմանադրական կարգի տապալում է և ունի քրեական հետևանք։ Սահմանադրության և իշխանության հիմքը ժողովուրդն է։ Եթե մարդկանց անկախ իրենց կամքից փորձեն ինչ-որ բան պարտադրել, ժողովուրդը պետք է իր կարծիքն ասի, ընդդիմանա դրան»,– ասել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է իրացնել ընտրողներից ստացած մանդատը՝ անկախ հնարավոր ճնշումներից։

«Մեր ժողովուրդը մեզ այստեղ ուղարկել է, որպեսզի մենք վերլուծենք և ճիշտը հասկանանք։ Դա մեր սահմանադրական իրավունքն է, որը մեզ տվել է 340 հազար մարդ։ Եվ մենք այդ իրավունքը պատվով իրացնելու ենք՝ անկախ բոլոր սահմանափակումներից»,– ընդգծել է նա։

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության նախաձեռնությանը՝ Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմության համար առանցքային հարցը Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու մտադրությունն է։ Նրա համոզմամբ՝ Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև Հայաստանի պետականության գաղափարական և քաղաքական հիմքը։

«Բովանդակության գլխավոր հարցը հենց հղումն է։ Այնտեղ գրված է մեր երկրի անունը, գրված է՝ մեր երկրի տերը ով է, հողի տերը ով է, պաշարների տերը ով է։ Մեր անցյալի և ապագայի մասին կարևոր բաներ կան, ամբողջ հիմքը Անկախության հռչակագրում է»,– ասել է խմբակցության ղեկավարը։

Կարապետյանի խոսքով՝ հռչակագրում ամրագրված են Հայաստանի անկախության, ժողովրդավարության և պետականության համար սկզբունքային նշանակություն ունեցող դրույթներ։

«Սահմանադրական դատարանն արդեն իր կարծիքն ասել է, բայց Սահմանադրությունն ունի նաև հղում Անկախության հռչակագրին։ Դա մեր երկրի ժողովրդավար լինելու, ընդհանուր ուղղության հետ կապված կարևոր կետերից է։ Անփոփոխելի է դա։ Ինչպե՞ս ենք մենք փոխում անփոփոխելի կետը»,– հարց է բարձրացրել նա։

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին, ըստ որի՝ ընդդիմությունը կարող է թույլ տալ, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի, իսկ հետո քարոզչություն իրականացնել դրա դեմ, Կարապետյանը նշել է, որ Ազգային ժողովում քննարկման և քվեարկության ինստիտուտը հենց նման նախաձեռնությունների նպատակահարմարությունը գնահատելու համար է։

«Ինչո՞ւ է նախագիծը գալիս Ազգային ժողով։ Որպեսզի ընդդիմությունը և իշխանությունը քննարկեն դրա նպատակահարմարությունը՝ գնա՞լ հանրաքվեի, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր է, որովհետև հանրաքվեները, հատկապես կարևոր հանրաքվեները, պառակտման դեմ գործիքներ են»,– ասաց նա։

Կարապետյանի գնահատմամբ՝ Սահմանադրությունը արտաքին պահանջով փոխելը սպառնալիք է երկրի ինքնիշխանությանը։

«Կա՞ ինքնիշխանության կորստի ավելի վատ տարբերակ, քան երբ երկրիդ հիմքը, Սահմանադրությունդ, դրա անփոփոխելի կետերը փոխում ես ուրիշի՝ քո հակառակորդի ուղիղ ցուցումով»,– հայտարարեց խմբակցության ղեկավարը։

Ընդդիմադիրն ընդգծել է, որ ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիների հետ հանդիպումները՝ բացատրելու սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։

Կարապետյանի խոսքով՝ իրազեկման ընթացքում պարզել են, որ քաղաքացիների զգալի մասը մանրամասն տեղեկացված չէ նախաձեռնության բովանդակությանը։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի հաշված օրերի ընթացքում՝ չհստակեցնելով փաստաթղթի հանրայնացման ժամկետը։

Նոյեմբերի սկզբին վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով ընդդիմադիրների նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորությանը, որոշ մանրամասներ էր ներկայացրել իշխանության հնարավոր քայլերի վերաբերյալ։ Մասնավորապես, նա չի բացառել խորհրդարանի դիմաց ցույց կազմակերպելու տարբերակը՝ այդ ճանապարհով ընդդիմադիր պատգամավորներին ստիպելու կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագծին։