AM
23 Նոյեմբեր 2026 - 10:12 AMT

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքում:

Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը։

Ժամը 10․00–ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով»,- գրել է նա։

Նոր Սահմանադրության նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին», – գրված է նախաբանում:

Առաջարկվող տեքստից դուրս են մնացել նաև հայոց պետականության հիմքում ընկած սկզբունքների, համազգային նպատակների, ազատատենչ նախնիների պատգամի և հայրենիքի հզորացման վերաբերյալ դրույթները, հայտնում է Factor.am-ը:

Դրանց փոխարեն առաջնային նշանակություն են ստացել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում անկախ, խաղաղ ու անվտանգ պետության ձևավորման նպատակը, ինչպես նաև Սահմանադրությունը ժողովրդի միջև ձեռք բերված հավաքական համաձայնություն համարելու մոտեցումը։

Գործող Սահմանադրության և հրապարակված նախագծի նախաբանների համեմատությունը ցույց է տալիս մի շարք բովանդակային ու գաղափարական տարբերություններ։

Ներկայիս Սահմանադրության նախաբանը սկսվում է «Հայ ժողովուրդը» ձևակերպմամբ, մինչդեռ առաջարկվող տարբերակում օգտագործվել է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությունը։

Առավել էական փոփոխություններից մեկն Անկախության հռչակագրին հղման ամբողջական բացակայությունն է։ Նոր տեքստում այլևս ներառված չէ նաև «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» ձևակերպումը։

Նույն կերպ նախագծում տեղ չի գտել «Ազատասեր նախնիների սուրբ պատգամը» արտահայտությունը, որն առկա է գործող Սահմանադրության նախաբանում։

Փոփոխվել են նաև պետության զարգացման նպատակների վերաբերյալ շեշտադրումները։ Եթե ներկայիս տարբերակում օգտագործվում է «Հայրենիքի հզորացում և բարգավաճում» ձևակերպումը, ապա նոր խմբագրությամբ առաջնային է դարձել «Անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն» կառուցելու գաղափարը։

Գործող նախաբանում առանձին անդրադարձ է կատարվում համամարդկային արժեքներին և քաղաքացիական համերաշխությանը։ Նոր նախագծում, սակայն, այդ շեշտադրումների փոխարեն Սահմանադրությունը բնորոշվում է որպես հասարակության հավաքական պայմանավորվածություն, որը սահմանում է պետության ներքին ու արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքները։

Մեկ այլ կարևոր տարբերություն վերաբերում է Հայաստանի տարածքի սահմանմանը։ Ներկայիս Սահմանադրության նախաբանը չի պարունակում միջազգայնորեն ճանաչված տարածքի վերաբերյալ առանձին դրույթ, մինչդեռ ներկայացված նախագծում հստակ ամրագրվել է «մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում» ձևակերպումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը չպետք է պարունակի Անկախության հռչակագրին հղում։ Կառավարության ղեկավարը նման դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ, իր գնահատմամբ, Հռչակագրի հիմքում հակամարտային տրամաբանություն է դրված, մինչդեռ նոր Սահմանադրությունը պետք է արտացոլի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ու խաղաղության հաստատման քաղաքական օրակարգը։

Ի հակադրություն իշխանության դիրքորոշման՝ խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հեռացնելու որոշումը կայացվում է Բաքվի պահանջով։ Բացի այդ, ընդդիմադիր 13 քաղաքական ուժեր արդեն իսկ հայտնել են նոր Սահմանադրության ընդունմանը դեմ հանդես գալու իրենց մտադրության մասին։