AM
23 Նոյեմբեր 2026 - 11:01 AMT

Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու պահանջը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից Կոտայքի մարզում գտնվող բնակարանը հօգուտ պետության բռնագանձելու՝ Գլխավոր դատախազության ներկայացրած պահանջը։ Դատարանը հայցն ակնհայտ անհիմն է համարել՝ արձանագրելով, որ 2015 թվականին պետության կողմից Օսիպյանին բնակարանի նվիրատվության գործընթացում հնարավոր խախտումները դեռևս բավարար հիմք չեն այն ապօրինի ծագում ունեցող գույք համարելու համար, հայտնում է Factor.am-ը:

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Կարեն Բադալյանի նախագահությամբ, արագացված դատաքննության կարգով մերժել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցի՝ բնակարանին վերաբերող մասը։

Դատական փաստաթղթերի համաձայն՝ Գլխավոր դատախազությունը նախկին ոստիկանապետին պատկանող գույքի ծագման ուսումնասիրությունը նախաձեռնել է 2023 թվականի փետրվարի 16-ին։ Ուսումնասիրության վերջնական եզրակացությունը կազմվել է 2026 թվականի փետրվարի 16-ին, որից երկու օր անց՝ փետրվարի 18-ին, Դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել ապօրինի ծագում ունեցող համարվող գույքը։

Նույն տարվա հուլիսին մեղադրող կողմը փոփոխություններ է կատարել հայցի հիմքում և առարկայում՝ բռնագանձման ենթակա գույքի ցանկում ավելացնելով նաև Օսիպյանին պետության կողմից նվիրաբերված բնակարանը։

Դատախազությունն իր պահանջը հիմնավորել է այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում գործող իրավական կարգավորումների համաձայն՝ բնակելի տարածքի տրամադրումը կարող էր իրականացվել առնվազն երկու հանգամանքներից մեկի առկայությամբ։ Դրանք բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունն ու ծառայողական կարիքն էին։

Բացի այդ, երկու տարբերակների դեպքում էլ անհրաժեշտ էր համապատասխան դիմումի ներկայացումը։ Սակայն Դատախազության գնահատմամբ՝ Օսիպյանին բնակարան հատկացնելու գործընթացում այդ նախապայմանների առկայությունը չի հաստատվել։

Մինչդեռ Օսիպյանի պաշտպանական կողմը վիճարկել է Դատախազության նման մոտեցման իրավաչափությունը։

Նոյեմբերի 3-ին նախկին ոստիկանապետի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Հակոբյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով բնակարանի բռնագանձմանը վերաբերող պահանջը քննել արագացված ընթացակարգով և մերժել՝ դրա ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Պաշտպանության փաստարկներով՝ Գլխավոր դատախազության համապատասխան վարչության լիազորությունները վերաբերում են այն գույքի բռնագանձմանը, որի ձեռքբերումը հնարավոր չէ հիմնավորել տվյալ անձի օրինական եկամուտներով։ Սակայն Օսիպյանի դեպքում Դատախազությունը, ըստ պաշտպանական կողմի, կասկածի տակ է դրել ոչ թե գույքի ձեռքբերման ֆինանսական աղբյուրների օրինականությունը, այլ պետության կողմից իրականացված նվիրատվության գործարքի իրավաչափությունը։