AM
23 Նոյեմբեր 2026 - 10:37 AMT

Նոր Սահմանադրությամբ վերաձևակերպվել է պետություն–եկեղեցի հարաբերություններին առնչվող դրույթը

ՀՀ Սահմանադրության հրապարակված նոր նախագծում վերաձևակերպվել է պետություն–եկեղեցի հարաբերություններին առնչվող դրույթը։ Նոյեմբերի 23-ին հրապարակված նախագծում նշվում է, որ պետության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»։

Սա տարբերվում է գործող Սահմանադրությունից, որտեղ նշված է, որ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով», գրում է Sputnik Արմենիան:

Պետություն-եկեղեցի հարաբերություններին վերաբերող դրույթը փոփոխվել է իշխանությունների և ՀԱԵ-ի միջև անցյալ տարի սկսված և շարունակվող դիմակայության ֆոնին։ Նոր ձևակերպումը կարող է իրավական հիմք ստեղծել ապագայում պետություն–եկեղեցի հարաբերություններին վերաբերող լրացուցիչ որոշումների և կարգավորումների ընդունման համար։

Միաժամանակ նոր Սահմանադրության նախագծում անփոփոխ է մնացել այն դրույթը, որը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2026 թվականի հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հեռացումը պահանջող տասը եպիսկոպոսները հայտարարել են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» գործընթացի մեկնարկի մասին։ Նրանք ներկայացրել են նաև այդ նպատակով մշակված այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»։

Փետրվարի 14-ին, հայտնի է դարձել, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ։ Միաժամանակ սահմանափակվել է նրա ելքը ՀՀ-ից: Սեպտեմբերի 24-ին հրապարակվել է նաև եկեղեցու վերաբերյալ զեկույցը, որում ներկայացվել է «բարենորոգման» միջոցառումների իրականացման հաջորդականությունը։