Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է նոյեմբերի 29-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակների հրապարակման մասին՝ քաղաքացիներին հորդորելով նախապես ստուգել իրենց տվյալները։
Նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները հրապարկվել են Ներքին գործերի նախարարության առցանց հարթակում։
Հրապարակված ցուցակները վերաբերում են հետևյալ մարզերի և համայնքների ընտրողներին.
- Արագածոտնի մարզ՝ Աշտարակ, Ապարան, Արևուտ, Մեծաձոր,
- Արմավիրի մարզ՝ Բաղրամյան, Մեծամոր,
- Գեղարքունիքի մարզ՝ Սևան,
- Լոռու մարզ՝ Սպիտակ,
- Շիրակի մարզ՝ Ամասիա, Աշոցք,
- Սյունիքի մարզ՝ Կապան,
- Տավուշի մարզ՝ Նոյեմբերյան։
Նշված համայնքներում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել իրենց տվյալները ստուգելու ինչպես ՆԳՆ հարթակում, այնպես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ ՀՀ ընտրողների ռեգիստրի բաժնում։
ՆԳ նախարարությունը նաև ներկայացրել է այն դեպքերը, երբ ընտրողների վերջնական ցուցակներում չընդգրկված քաղաքացիները կարող են դիմել լրացուցիչ ցուցակում ներառվելու համար։
«Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից,
սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում,
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,
հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն ցուցակում չեն ընդգրկվել ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու հիմքով։
Ուշադրություն․ եթե համապատասխանում եք վերոնշյալ 4 հիմքերից որևէ մեկին և Ձեր անունը չեք գտել ընտրողների վերջնական ցուցակներում, ապա կարող եք դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար համապատասխան տեղեկանք ստանալու նպատակով։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները։
Ձեր ընտրատեղամասը և ընտրատեղամասի կենտրոնի հասցեն նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:





