Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարել է, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում աջակցում է Գևորգ Ղազարյանին։
Ազգային հավաքականի նախկին մարզիչն իր հայտարարության մեջ անդրադարձել է հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարներին, ֆեդերացիայի առաջիկա ընտրություններին և Ղազարյանի թիմի նկատմամբ ունեցած վստահությանը, հայտնում է Factor.am-ը:
«Չնայած կարիերայիս վերջին մասն անցկացրել եմ Շվեյցարիայում, երբեք անտարբեր չեմ եղել ու չեմ կարող լինել հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ես ինքս հայկական ֆուտբոլի սան եմ, խաղացել եմ Հայաստանի հավաքականում, եղել եմ թիմի մարզիչը, ներսից տեսել նաև ֆեդերացիայի լավ ու վատ կողմերը:
Ես շատ մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկա ընտրությունները կանցնեն ազնիվ և արդար պայքարի պայմաններում։
Ես շատ լավ եմ ճանաչում Գևորգ Ղազարյանին, միասին հիշվող խաղեր ենք ունեցել, հատկապես ամենահիշարժանը՝ Մոնտենեգրոյի դեմ խաղը: Ես հավատում եմ Գևորգ Ղազարյանին և նրա թիմին։ Գիտեմ, թե որքան են ցանկանում, որ հայկական ֆուտբոլը զարգանա և քայլ առաջ անի։ Վստահ եմ՝ դա հնարավոր է:
Գևորգ ջան, քո կողքին եմ, հավատում եմ քո հաղթանակին»,- ասված է Արթուր Պետրոսյանի հայտարարության մեջ, որը հրապարակել է Գևորգ Ղազարյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 21-ին։





