Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրեց գիտական և գիտատեխնիկական թեմատիկ ֆինանսավորման մրցույթի արդյունքները։
Մրցույթով նախատեսվում է մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին՝ գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար։
Ըստ Սամվել Հարությունյանի ծրագրերի ֆինանսավորման համար հատկացված գումարը կազմում է 686 մլն դրամ, որի 53 %-ը հատկացվել է բնական գիտություններին (մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն)։ «Մենք կատարել ենք բնագավառների դասակարգում, որոնց մեջ ընդգրկված է նաև հայագիտությունը։ Ֆինանսավորման 14 %-ը հատկավցել է հայագիտությանը և սոցիալական գիտություններին։ Յուրաքանչյուր աշխատողի միջին աշխատավարձը կազմելու է 65000 դրամ»։
Սամվել Հարությունյանի խոսքով այս նոր թեմատիկ ֆինանսավորման համակարգին անցնելու համար շուրջ մեկուկես տարի աշխատանքներ են տարվել. « Գիտական բոլոր հիմնարկներն անցել են թեմատիկ ֆինանսավորման։ Կես հաստիքանոց թեմա չի կարող լինել։ Նախագահի վերահսկողական ստուգումներից հետո թեմատիկ ծրագրերը կրճատել ենք 701-ից 120-ի։ Թեմաների մեծ մասը կրկնություն էր»։
Թեմատիկ ֆինանսավորման մրցույթն անցկացվել է 3 փուլով։ 1-ինը՝ տեխնիկական փորձաքննությունն էր, որին ներկայացված 683 ծրագրերից չեն անցել 142-ը։ Այս փուլի պարտադիր պահանջներից էր՝ 5 տպագրված հոդված յուրաքանչյուր դիմող գիտնականի համար։ «Եթե գիտնականը տարեկան մեկ հոդված չի հրապարակում, նա գիտնական կոչվել չի կարող: 80 գիտական ամսագիր կա Հայաստանում, իսկ ամբողջ աշխարհում 14000 գիտական ամսագիր: Գիտական հոդվածը պետք է հասանելի լինի լայն շրջանակներին»,- ասաց Սամվել Հարությունյանը։
Մրցույթի 2-րդ փուլը գիտական փորձաքննության փուլն էր, որն անցել է 541 ծրագիր։ Ինչպես նշեց գիտության կոմիտեի նախագահը, այս փուլի փորձաքննությանը մասնակցել են հեղինակավոր գիտնականներ Հայաստանից և մոտ 80 գիտնականներ արտերկրից։ Այս փուլի արդյունքում հաստատվել է 95 գիտական ծրագիր։
3-րդ փուլը արդյունքների բողոքարկման փուլն է։ Ըստ Սամվել Հարությունյանի, քանի որ ֆինանսավորումը սկսվել է մարտի 1-ից, բողոքարկվող թեմաներն ավելի շատ կլինեն, քան նախատեսել էին։
Սամվել Հարությունյանն ավելացրեց նաև, որ շուտով լինելու է հայ-գերմանական մրցույթ, ռուսական հումանիտար հիմնադրամի մրցույթ, հայ-ֆրանսիական մրցույթ, նաև ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում:





