Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն ողջունում է Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հստակ դիրքորոշումը: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի, սպասվում է ավելին, այս տարվա ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ կլինեն ևս մի քանի երկրների կողմից դրական արձագանքներ:
«Այս հարցին խիստ նպաստում է նաև Ադրբեջանի «կառուցողական» վերաբերմունքը: Մասնավորապես հետաքրքրական է Արցախ այցելած օտարերկրյա քաղաքական և տնտեսական խոշոր գործիչներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Ադրբեջանի պրակտիկան: Համարյա բոլոր այդ անձինք վերադառնալով լծվում են Արցախի անկախության պայքարին, քանի որ այլևս ապացուցված են համարում, որ այդպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է երկխոսելն աբսուրդ է: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի պարագային, ապա հայտնի է, որ ԱԳ նախարարին Արցախի ինքնորոշման շուրջ հարցն ուղղեց Ֆրանսիայի սենատի անդամ, «պերսոնա նոն գրատայի շքանշանակիր» Ֆրանսուա Ռոշբլուան, և անկասկած նրա շնորհիվ էր, որ այսօր հնչեց Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիրքորոշումը: ԵՀՄՖ-ն անկասկած շատ բարձր է գնահատում ֆրանսահայ լոբբիստերի կողմից կատարված աշխատանքները և Արցախի նախագահ Բակո Սահակյանի պատմական այցը Փարիզ, որի շնորհիվ արժանացանք այս արդյունքին»,-ասվում է ԵՀՄՖ հայտարարության մեջ:
Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության, սպասելիքներ կան նաև Հայաստանի իշխանություններից: Երկու կարևոր քայլ է պետք կատարել. «Արցախին շուտափույթ դարձնել բանակցությունների կողմ, Հայաստանի ԱԺ-ում վերահաստատել Արցախի անկախության փաստը»:
«Ընդ որում ՀՀ ԱԺ-ն կարող է Արցախի անկախությունը ճանաչել անմիջապես այն բանից հետո, երբ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու պահանջին Ադրբեջանն ընդդիմանա ու փորձի կասեցնել: ԵՀՄՖ-ն կոչ է անում բոլորին աշխատել համատեղ»,-ասվում է ԵՀՄՖ հայտարարության մեջ:





