AM
11 Մարտ 2011 - 10:01 AMT

Երևանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովը

«Երկիր» միությունը և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը մարտի 15-ին Երևանում կազմակերպում են «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան թուրք փորձագետներ, «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամներ` Չե նգիզ Ակթարը և Ալի Բայրամօղլուն, ինչպես նաև ճանաչված փորձագետներ և թուրքագետներ Հայաստանից: Միջոցառման մասնակիցները կքննարկեն թուրք հասարակության և պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Կներկայացվեն զեկույցներ Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսևորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վիճակի, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ և այլ թեմաներով: Գիտաժողովի շրջանակներում նաև կներկայացվի Չենգիզ Ակթարի «Կոչ ներումի» գրքի հայերեն թարգմանությունը:

«Ներման արշավը» նախաձեռնվեց 2008թ. դեկտեմբերին մի խումբ թուրք մտավորականների կողմից: Այն հնարավորություն տվեց Թուրքիայի այն բնակիչներին, ովքեր ցանկանում էին անձնապես ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, անել դա առցանց հանրագրի տակ ստորագրելու միջոցով: Հանրագիրը հաշված օրերի ընթացքում ստորագրեց շուրջ 10,000 մարդ: Թեև Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որի միջոցով 1915-18թթ. hայերի զանգվածային տեղահանությունն ու կոտորածը «ցեղասպանություն» որակողները մեղադրվում են «թուրքական ազգը հրապարակավ վիրավորելու մեջ», շարունակում է ուժի մեջ մնալ, սակայն խնդիրը մտել է թուրքական հանրային քննարկման դաշտ, թուրքերենով սկսվում են հրատարակվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ: Այս գիտաժողովի նպատակն է տվյալ խնդիրը տեղափոխել նոր մակարդակ` կայուն հիմք ստեղծելով առարկայական ու անկեղծ հայ-թուրքական երկխոսության համար»,-ասվում է գիտաժողովի նախաձեռնողների հաղորդագրության մեջ: