AM
11 Մարտ 2011 - 10:31 AMT

Երեւանում եւ Բուխարեստում կկազմակերպվեն գործարար համաժողովներ

Մարտի 10-ին Բուխարեստում տեղի ունեցավ Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Ռումինական կողմից հանձնաժողովը ղեկավարում էր Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:

Նիստին նախորդեց երկու նախարարների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ թեեւ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին:

Աշխատանքային խմբերի մակարդակով միջկառավարական համատեղ ժողովի ընթացքում կողմերը պատրաստակամություն հայտնեցին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները փոխադարձ հիմունքներով դրանք բարելավելու համար: Առաջարկվեց ընթացիկ տարում Երեւանում եւ Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաեւ տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն դարձվեց գյուղատնտեսական ոլորտին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել երկկողմ համագործակցությունը եւ շարունակել աջակցությունը տրանսպորտի բնագավառի միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես ՍԾՏՀԿ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովում եւ Միջազգային տրանսպորտային ֆորումում: Անդրադարձ կատարվեց նաեւ առողջապահության եւ տուրիզմի բնագավառներում հնարավորությունների բացահայտմանը:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի ավարտին կողմերը ստորագրեցին համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվեցին հանդիպման արդյունքները եւ մատնանշվեցին համագործակցության ամրապնդման հետագա քայլերը:

Նույն օրը Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին: Երկուստեք գոհունակություն հայտնվեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացման կապակցությամբ: Նշելով անցյալ տարի առեւտրատնտեսական փոխանակումների բնագավառում գրանցված աճը` կողմերը մտքեր փոխանակեցին այդ դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու շուրջ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կոնկրետ բնագավառներում տնտեսական կապերի խորացման հարցերի շուրջ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Ռումինիայի հաղորդակցությունների եւ տեղեկատվական հասարակության նախարար Վալերիան Վրեմեի հանդիպման ժամանակ: