AM
11 Մարտ 2011 - 17:08 AMT

Սյունիքի մարզում ամփոփվեց մարզային զարգացման ծրագրերի քննարկումների ընթացիկ փուլը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը ներկայացվեցին Սյունիքի մարզի 2010-2013թթ. զարգացման ծրագրով իրականացված և իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները:

Մարզային քննարկումների արդյունքում արձանագրվել էր, որ անհրաժեշտություն կա լրամշակել զարգացման ծրագրերը, տարեկան աշխատանքային պլանները, ինչպես նաև միասնականացնել ծրագրերի նկատմամբ մոնիթորինգի համակարգը:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև 2011թ. առաջին երկու ամսվա ընթացքում Սյունիքի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Թեև մարզում ընդամենը եկամուտների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել, այնուամենայնիվ փոխվարչապետը հորդորեց մշտական աշխատանքներ իրականացնել 2011թ. պլանավորված եկամուտների մակարդակի ապահովման ուղղությամբ:

Ներկայացվեց համայնքների 2011թ. բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2010թ. ցուցանիշների նկատմամբ, ինչպես նաև անդրադարձ եղավ վարձակալության տրվող գյուղնշանակության հողերի ավելացման խնդրին:

Խորհրդակցությանը քննարկվեցին գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր, հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: