AM
12 Մարտ 2011 - 09:35 AMT

Մրցույթի արդյունքում ընտրվել են կրթության ոլորտում վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հունվարի 31-ին հայտարարել էր վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 6 կազմակերպություն, որոնք էլ հաղթահարել են մրցութային շեմը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովն ընտրել է հետևյալ կազմակերպություններին` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, Խ.Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարան, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Մխիրթար Սեբաստացի» կրթահամալիր, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտ: